SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։ Նշված վայր են ժամանել օպերատիվ խումբը։
Գիշերային ակումբում աշխատակիցները փորձել են ոստիկաններին մոլորեցնել` հայտնելով, որ ոչինչ տեղի չի ունեցել, և այդ ամենը սուտ է։ Սակայն րոպեների ընթացքում ժամանած ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դավիթ Մինասյանը և 33-ամյա Գոռ Մարտիրոսյանը իրենց ընկերների հետ միասին՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով՝ շուրջ 10 րոպե շարունակ խախտել հասարակական կարգը, բռնություն են գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դ․ Մինասյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը