20 06 2023

Արևմուտքը ոչ թե օգնում է բանակցություններին, այլ փորձում է տարածաշրջան ներթափանցել. Լավրով

Արևմուտքը ոչ թե օգնում է բանակցություններին, այլ փորձում է տարածաշրջան ներթափանցել. Լավրով

Մոսկվան հուսով է, որ Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

«Ցավոք,  նրանում, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու, այլ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես որոշիչ դեր ունեցող ուժ հաստատվելու ցանկություն»,- ասել է նա:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ կատարվողը: Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում: Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի պայմանավորվածությունների ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը դրվել է 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ, երբ ստորագրվել է վերջնական կարգավորման սկզբունքների մասին առաջին եռակողմ հայտարարությունը։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այնուհետև ընդունվել են բարձր մակարդակի ևս մի քանի եռակողմ հայտարարություններ, որոնք նվիրված են իրավիճակի լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ ջանքերի տարբեր ասպեկտներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ