08 05 2024

Արցախցին, երբ ահաբեկվելու բոլոր պատճառներն ուներ, չահաբեկվեց, ոտքի վրա մնաց․ Մետաքսե հակոբյան



Չեմ կարծում, որ որևէ մեկին կարող է հաջողվել ահաբեկել արցախցիներին, դա ծիծաղ կարող էթ առաջացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Նոր Հաճնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով լուրերին, թե արցախցիներին ահաբեկում են, որ եթե մասնակցեն բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, կզրկվեն աջակցությունից:

Նշենք, որ արցախցիները հավաքվել են Նոր Հաճնում և սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին: Այստեղ են արցախցի երիտասարդներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետը, սպասում են, որ շուտով այստեղ կգա նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Արցախցին, երբ ահաբեկվելու բոլոր պատճառներն ուներ, չահաբեկվեց, ոտքի վրա մնաց: Կան փոքրիկ կազմակերպություններ, որ միգուցե 10-20 հոգու կամ ընտանիքի ինչ-որ սոցիալական ծրագրեր են իրականացրել կամ իրականացնում, հիմա բացահայտում են իրենց նպատակները: Նման պահանջներ դնելով արցախցիների առջև, նշանակում է՝ նրանք իրենց սեփական շահն են սպասարկել, ոչ թե ապրումակցման արդյունք է: Կարող ենք ենթադրել, որ նրանք դրանով իրենց հավատարմություն են ուզում ցույց տալ գործող իշխանություններին: Դա որևէ արցախցու վրա չի ազդի:

Եղել են նաև դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի ընթացքում և ակնարկներ արել, խոստումներ տվել արագ  բնակարանային հարցեր լուծելու, դրամական աջակցություն ցուցաբերելու, բիզնես ծրագրեր անելու համար: Փորձում են նաև ուղղակի գնել մարդկանց, բայց սա էդ դեպքը չի: Հայրենիքի վտանգը արցախցին ապրել է, դրա միջով անցել է: Արցախցին ոտքի է կանգնել, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանում տեղի չունենա»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ