Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից, Վազրիկ Միքայելյանն է։ Նա աշխատում է «Երևան-Տրանս» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։
Վազրիկ Միքայելյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։
Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը