14 03 2024

Սոթքի հանքավայրը չի աշխատել, բայց 3 անգամ ավել ոսկի ենք արտահանել․ ակնհայտ է, որ դա մերը չէ․ Սուրեն Պարսյան



«Գործող իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ մենք Ռուսաստանից կախվածություն չունենք կամ մենք պետք է դիվերսիֆիկացնենք առևտուրը, բայց իրականության մեջ այս 6 տարիների ընթացքում իրենք ճիշտ հակառակն են արել՝ էլ ավելի են կախվածությունը մեծացրել․ հիմա ասում են դե դա այդքան էլ մեզ համար կարևոր չի»,- YerevanToday-ի տաղավարում հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի հետ զրուցել ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի, Ռուսաստանի հետ կապերը խզելու դեպքում հնարավոր տնտեսական վնասների, տեսանելի ապագայում Հայաստանի տնտեսական համագործակցության փոխարինման հնարավորությունների և ոսկու արտահանման համար տարանցիկ գոտի լինելու մասին։

Ոսկու արտահանման վերաբերյալ տնտեսագետն ասաց, որ շահել են միայն առանձին սուբյեկտներ, որոնք կապ ունեն գործող իշխանությունների հետ։

«Համեմատության համար նշեմ, որ 2023 թվականին արտահանվել է 29 տոննա ոսկի Հայաստանից։ Դա 3,2 անգամ ավելի շատ էր քան 2022 թվականին։ 2023 թվականին Հայաստանի տարածքում չի գործել Սոթքի հանքավայրը կամ որոշակի խնդիրներով է գործել։ Այսինքն, Սոթքի հանքավայրը չի աշխատել, բայց 3 անգամ ավել ոսկի ենք արտահանել Հայաստանից։ Ակնհայտ է, որ դա մեր ոսկին չէ՝ հաշվի առնելով, որ մենք ոսկու պաշարներ էլ չունենք, որովհետև ոսկու պաշարները վաճառվեց, Տիգրան Սարգսյանի օրոք  այդ որոշումը կայացվեց։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ դա ռուսական ոսկի է եղել։

Սանկցիաների տակ գտնվող ռուսական ոսկին եկել է Հայաստան, այնուհետև արտահանվել՝ հիմնականում ԱՄԷ։ Այդ ոսկու միջոցով Ռուսաստանը իր խնդիրն է լուծել, այսինքն՝ ֆինանսական միջոցների հարցն է լուծել, իսկ այստեղ մի քանի տնտեսվարող ուղղակի հարստացել են այս պրոցեսի ընթացքում։ Սրանից պետական բյուջեն էական վճարումներ էլ չի ստացել, քանի որ այդ ոսկին ներկրվել է վերաարտահանման ռեժիմով։ Այս դեպքում ո՛չ մաքսատուրք են վճարում, ո՛չ ավելացված արժեքի հարկ են վճարում, ոչ մի ծախս չեն անում, ուղղակի մի քանի տնտեսվարողներ այս պրոցեսի ընթացքում իրենց միջնորդավճարը կարողացան գանձել, որը կարող է հասնել մի քանի հարյուր միլիոնի»,- ասաց տնտեսագետը։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ