25 03 2021

Տնտեսական ողբալի անկում, որով էկոնոմիկայի նախարարը հպարտանում է

Տնտեսական ողբալի անկում, որով էկոնոմիկայի նախարարը հպարտանում է

Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 6,7 տոկոս։ Ասել, որ դա շատ վատ ցուցանիշ է, նշանակում է ոչինչ չասել։ Սակայն, իշխանությունները արդեն տնտեսական անկման մասին են հպարտությամբ խոսում՝ ավելի ու ավելի նմանվելով Ջորջ Օրուելի ստեղծագործության հերոսներին։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով վիճակագրական կոմիտեի հրապարակումը, «խրոխտաբար» հայտարարել է, թե «Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվում է» և խոստացել է տարեկան երկնիշ տնտեսական աճ։ Հիշեցնենք, որ 2000-ականներին, երբ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր ունենում, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը խեղկատակության «մաստեր կլաս» էր ցուցաբերում, կասկածի տակ առնելով դա։ Հիմա, երբ մեր տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, նույն խեղկատակները փորձում են դա ներկայացնել որպես ուրախալի վիճակ, զերծ չմնալով մանիպուլյացիաներից եւ կիսաճշմարտություններից։

Այսպիսով, Վահան Քերոբյանը խոսում է այս տարվա փետրվարին 5,3 տոկոս տնտեսական անկման մասին և դրա հիման վրա անում իր՝ վերևում նշված եզրակացությունը։ Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, տնտեսական անկտիվության  անկումը տարվա երկու ամիսներին կազմել է 6,7 տոկոս։ Սրա մասին նախարարի պաշտոնում հայտնվածը ոչինչ չի ասում։ Ընդ որում, տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարության չնչին՝ 1 տոկոս աճից, անկումը շարունակվում է նույն տեմպով։

Առևտրում և ծառայություններում տնտեսական ակտիվության անկումը երկնիշ է՝ առաջինում 11,3 տոկոս, երկրորդում՝ 12,5 տոկոս։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարին ՀԴՄ կտրոնների երկնիշ աճ էր ցույց տալիս երկնիշ անկում ունեցող առևտրի ոլորտից ․․․ Անկումը խորանում է արդյունաբերությունում, որը թերևս առավել մտահոգիչն է։ Այն այս տարվա հունվար-փետրվարին այն կազմել է 7,9 տոկոս։ Էկոնոմիկայի նախարարի  մտահոգությունը սա պետք է լիներ՝ իր «շեֆին» բնորոշ դատարկ և երբեք չիրագործվող խոստում տալու փոխարեն։

Հայաստանի տնտեսության ողբալի վիճակի մասին առավել պարզ պատկերացում են տալիս արտաքին առևտրի ցուցանիշները։ Ըստ այդ ցուցանիշների, արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 5,5 տոկոսով, ներմուծումը՝ 15,8 տոկոսով։

Զարմանալի է, որ նախարարը չի հպարտանում փետրվարին հունվար ամսվա համեմատ աճի ցուցանիշներով։ Միևնույն է՝ Նիկոլի «հպարտները» կուլ կտան իրենց մատուցված հերթական կերը, առանց հասկանալու, որ փետրվարը հունվարի համեմատ տնտեսապես ավելի ակտիվ ամիս է։ Թերեւս տնտեսագետների կողմից ծաղրի առարկա չդառնալու համար դա չի արել Վահան Քերոբյանը։ Հետևաբար նրան մնում է միայն տնտեսական անկումը որպես նվաճում ցույց տալ, վկայակոչելով անցած տարվա փետրվարի մեկ օր ավել լինելը։ Թեև այս հիմնավորումը նույնպես պակաս ծիծաղելի չէ։

Արա Մարտիրոսյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ