«Իրավական գործընթացի որևէ փուլում առաջ է գալիս Արցախում կորուստների և հասցված վնասի փոխհատուցման խնդիրը և այն պետք է չափելի, հաշվելի լինի, հիմնավորվի պատճառահետևանքային կապերը, այլապես նմանաբնույթ պահանջներն ուղղակի կմերժվեն»,- «Մեկ տարի` առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» կոնֆերանսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Եթե մենք ցանկանում ենք խթանել միջազգային համագործակցությունը, ապա գոնե պետք է կարողանանք ապացույցներ ներկայացնել մեզ պատկանող նյութական և հոգևոր ժառանգության վերաբերյալ։ Եթե պետք է գնահատենք քանդված եկեղեցի՝ հաշվի առնելով, որ այլևս այդ տարածքները գտվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և դրանց գնահատման առումով մուտքը արգելափակված է լինելու, մենք արխիվային և այլ փաստաթղթերի միջոցով պետք է կարողանանք ցուցադրել եկեղեցին, այլ տվյալներ, տեղեկություններ, ինչն էլ կնպաստի դրանց հետագա գնահատմանը»,-ասաց իրավապաշտպանը։
Սահակյանն ընդգծեց, որ նյութական արժեքների գնահատման առանձնահատկությունները՝ որոնց անհատականացման միջոցով է տեղի ունենում դրանց գնահատումը և այն համադրելի չէ այնպիսի արժեքների հետ, ինչպիսին է, օրինակ, ձեռագրերը։
«Այս տվյալների հիման վրա է, որ պետք է ապրանքագիտական փորձաքննություններ իրականացվեն և մասնագիտական գիտելիքների գնահատմամբ այդ հարցերին տրվեն մասնագիտական պատասխաններ»,-հայտարարեց Սիրանուշ Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը