10 10 2018

Ինչպե՞ս է կառավարությունը խաբում գյուղացիներին․ 168․am

Ինչպե՞ս է կառավարությունը խաբում գյուղացիներին․ 168․am

Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական տարբեր պրոցեսները և քաղաքական մանիպուլյացիաները աստիճանաբար փորձ է արվում տարածել նաև տնտեսական համակարգի վրա: Սակայն, ի տարբերություն քաղաքական համակարգի, տնտեսական համակարգը մանիպուլյացիաներ չի ընդունում, և տնտեսագիտությունը ոչ թե էմոցիաների, այլ ճշգրիտ հաշվարկների գիտություն է: Ասվածի վառ օրինակը վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի եթերում հնչեցված գյուղացիներին տրամադրվող պետական աջակցության ծրագիրն էր: Վարչապետի կողմից այն ներկայացված է՝ որպես բացառիկ և հեղափոխական, մինչդեռ այդ ծրագրի անալոգային տարբերակը կիրառվում է դեռ շատ վաղուց, գրում է 168․am-ը։

Իսկ թե առաջարկվող ծրագիրը արդյո՞ք լավն է նախորդից, թե՞ ոչ, ուսումնասիրենք ստորև:

Նախ և առաջ ​հայտնի է, որ 2018թ.-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը՝ ըստ ներկայացրած պահանջի, հնարավորություն են ունեցել օգտվելու «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով դիզելային վառելիքի, պարարտանյութի և սերմերի ձեռքբերման»  նպատակով գործող ծրագրերից։ Ավելին, 2018թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման ծրագրից հնարավորություն են ունեցել օգտվել ոչ միայն ՀՀ մարզերի հողօգտագործողները, այլ նաև Արցախի Հանրապետության շահառուները:

ՀՀ կառավարությունը մի քանի տարի ՀՀ մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով գարու (օրինակ՝ 2018թ. գարնանացան գարու 1 կգ-ի գինը 130 դրամով), առվույտի, կորնգանի, հետագայում՝ ոլոռի, սիսեռի, եգիպտացորենի, ցորենի (օրինակ՝ 2018թ. ցորենի 1 կգ-ի գինը 150 դրամով) ձեռքբերման հնարավորություն է ընձեռել։ Այդ ժամանակահատվածում շուկայում գարնանացան գարին արժեր միջինը 180 դրամ, իսկ ցորենը՝ 200 դրամ։ 2018թ. դիզելային վառելիքը հողօգտագործողին հատկացվել է 1լ-ը 380 դրամով (շուկայում 1լ-ի գինը 480 դրամ էր), իսկ պարարտանյութը հատկացվել է՝ 50կգ-ը (1 պարկը) 7000 դրամով (շուկայում գինը 9000 դրամ էր)։

Գալով վարչապետի մատնանշած հեղափոխական ծրագրին, պետք է նշենք, որ ՀՀ կառավարությունը 2018թ.  սեպտեմբերի 14-ին որոշում է կայացրել փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին, որի համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է ծախսել 182,2 մլն դրամ։ Ինչ վերաբերում է վերը նշված ծրագրերին, ապա որոշվել է դադարեցնել  հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի, պարարտանյութի և սերմերի ձեռքբերման  նպատակով գործող ծրագրերը։  Պետական աջակցության նոր ծրագիրը գործելու է միայն ՀՀ սահմանամերձ թվով 37 համայնքների շրջանակում։ Յուրաքանչյուր հեկտար հողատարածքի աշնանացան իրականացնելու համար պետությունը 60 հազար դրամ գումարի աջակցություն է ցուցաբերելու։

Համադրելով նախկին ու ներկա ծրագրերը, նախ պետք է փաստենք, որ կառավարության որոշումը նոր համարել չի կարելի, պարզապես որոշակի փոփոխության է ենթարկվել մոտեցումը, բայց այդօրինակ ծրագիր եղել է նաև նախկին իշխանությունների օրոք: Պետական բյուջեի կատարողականի վերլուծությունից պարզ է դառնում, որ միայն 2018թ. գարնանացանի համար սերմացուի ձեռքբերման բեռը պետական բյուջեից կազմել է շուրջ 746 մլն դրամ, դիզելային վառելիքի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 360 մլն դրամ, իսկ պարարտանյութինը՝ 304 մլն դրամ։

Ինչ վերաբերում է նախորդ և ներկա ծրագրերի բովանդակային տարբերություններին, ապա դրանք բնավ ի օգուտ վերջինիս չեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ