21 10 2018

Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների կիրառումն այլընտրանք չունի․ Գեղամ Գևորգյան

Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների կիրառումն այլընտրանք չունի․ Գեղամ Գևորգյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ․

«Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի  առթիվ:

Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի  կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն:  Հապաղելու ժամանակ չունենք և պետք է ուժերի առավելագույն լարմամբ համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի:

Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Շարունակելու ենք ուշադրություն  դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ և ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել ֆերմերներին, գիտնականներին, գործարարներին և գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա նվիրված  աշխատանքի համար, որը գուցե երբեմն ըստ արժանվույն չի գնահատվում:

Մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, միշտ լի ու բերքառատ տարիներ, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք արարելու երջանկություն, իսկ այսօր՝ տոնական բարձր տրամադրություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ