07 06 2022

Բժիշկ-պատգամավոր Չարչյանը հակադարձում է առողջապահության իրավաբան նախարարին

Բժիշկ-պատգամավոր Չարչյանը հակադարձում է առողջապահության իրավաբան նախարարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր ոստիկանության այս օրերի գործողություններին, հատուկ միջոցների կիրառումներին, որոնց արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Նախարար Ավանեսյանն ասել էր․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

«Ինչպե՞ս եք վերաբերում առողջապահության նախարարի այս հայտարարությանը, որով նա, փաստորեն, ողջունում է կամ գոնե չի դատապարտում ոստիկանների գործողություններին, որոնց արդյունքում քաղաքացիները տեղափոխվում են հիվանդանոց»,- Yerevan.Today-ը հարցրեց բժիշկ-պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

«Կցանկանայի բանավիճել տիկնոջ հետ այն բոլոր վնասվածքների կապակցությամբ, որոնք խաղաղ ցուցարարները, ցավոք, ստացել են ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման հետևանքով: Համոզված եղեք, որ գանգոսկրի կոտրվածքները, ծնոտոսկրի կոտրվածքները, վերին վերջույթների կոտրվածքները և հոդախախտերը, ստորին վերջույթների հրազենային, բեկորային վնասվածքները առաջացել են մեր ոստիկանների ոչ «պինդ նյարդերի և փաղաքշական» գործունեության հետևանքով: Անձամբ այցելել եմ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող անձանց:

Կրկնեմ՝ սրանք բիրտ, անհամաչափ ուժի կիրառման հետևանք են: Հարյուրավոր սալջարդերի, արյուանզեղումների և այլ թեթև վնասվածքների մասին էլ չեմ ուզում խոսել:

Սակայն, բանավեճն իր հետ անհնարին է՝ բժշկական ոլորտում իր մասնագիտական գիտելիքների ոչ բավարար լինելու պատճառով: Նա, որպես իրավաբան, ավելի լավ կլինի իրավական գնահատական տա համացանցում և ամենուր տարածված այն բազմաթիվ փաստերին՝ վիդեոնյութեր, նկարներ և այլն, որտեղ ակնհայտ երևում է ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառումը, որի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ ստացել են թեթև, միջին և ծանր աստիճանի վնասվածքներ»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ