Դպրոցները փակելու որոշումը այս պահին ճիշտ որոշում էր ու չի բացառվում, որ Կառավարությունը գնա նոր սահմանափակումների: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, համաճարակաբան Ռոմելլա Աբովյանը:
Այս օրերին լարված համաճարակային իրավիճակ է արձանագրվել Հայստանում, հատկապես վերջին 14 օրը 113 % -ով վարակակիրների աճը շատ վտանգավոր ցուցանիշ է, և սրա պատճառներից մեկը ոստիկանական թուլացած վերահսկողությունն է, մյուսը պատերազմական դրության պայմաններում մարդկանց զգոնության թուլացումը վարակի նկատմամբ ու անխոս, երթուղայինների ծանրաբեռնված սպասարկումը՝ ուսումնական տարվա մեկնարկից սկսած: Շատ են դեպքերը, երբ աշակերտների և ուսուցիչների շրջանում հայտնաբերված դեպքերի պատճառով դպրոցն անցել էր հեռավար ուսուցման, ինքնամեկուսացված շատ անձնակազմեր կան, և այս բոլոր դեպքերն ու թվերի աճը հաշվի առնելով՝ ամենաճշիտ լուծումն այս պահին երկու շաբաթով աշնանային արձակուրդի անցնելն էր, սա կօգնի, որպեսզի առողջապահական համակարգը էլ ավելի չծանրաբեռնվի ներկայում:
Փաստորեն սահմանափակումների մեղմացումը կտրուկ իրավիճակ փոխեց:
Այո, վերլուծությունը փաստում է, որ սահմանափակումների մեղմացումը և հանրային տրանսպորտի անվերահսկեի վիճակն էականորեն աճի հանգեցրեց, նույնիսկ ամենածանր իրավիճակում՝ հունիս ամսին արձանագրված ամենաբարձր ցուցանիշն ենք հոկտեմբերի 14-ին գերազանցել: Եթե վարակի բռնկման փուլում մենք ունեինք թեստերի 9% հայտանբերվածություն, ապա այսօր 57% է դարձել, սա խիստ վտագավոր ցուցանիշ է:
Օրեկան 1000 և ավելի վարակակիր երբեք չենք ունեցել, բայց այս բոլոր գործոններով հանդերձ՝ չենք մոռանում դիմակ կրելու դեմ արշավող կամ դրա էֆեկտիվությունը վիճարկող բազմաթիվ քննարկումները: Այսօրվա թվերը ճիշտ հակադարձում են հենց այդ մարդկանց, ովքեր համարում են որ դիմակը կրելն անիմաստ է: Ամբողջ աշխարհն է անցել դիմակները պարտադիր կրելուն, հետևեք կանոններին, սա փաստարկված միջոց է:
Այս ընթացքում տեղական արտադրության թեստերի կիրառմանը զուգահեռ փոխվել են թեստավորման պայմանները, ոչ բոլոր դեպքերում են մարդիկ թեստավորվում: Սա չի՞ սրում վիճակը էլ ավելի:
Իրականում դեպքի բնորոշման միջազգային ստանդարտներն են փոխվել: Մենք առաջնորդվում ենք միջազգային ռեկոմենդացիաներով: ԱՀԿ-ն ի սկզբանե 37,5 ջերմության դեպքում էր ցուցում թեստավորվել, մինչդեռ Հայաստանում որոշվեց մենք 37 ջերմության դեպքում թեստավորել և միանգամից հոսպիտալացնել մարդկանց, որպեսզի դեպք բաց չթողնեինք, դա արվում էր բացառապես վարակը արագ հայտնաբերելու և տարածումը կանխելու նպատակով:
Բայց այսօր միմիայն ախտանշաններով դեպքերն են թեստավորվում, ասենք երեք օր ջերմելու, հազի առկայության և նախարարի հրամանով մի շարք այլ դեպքերում, սրանք հստակ ցուցումներ են և կխնդրեի, որպեսզի մեր համաքաղաքացիները շատ հետևողական լինեին այս առումով, օրհասական վիճակում առողջապահական համակարգի բեռը թեթևացնել է պետք:
Խնդրում եմ սոցիալական պատասխանատվությամբ մոտենալ այս հարցին և, եթե թեստավորման համար առաջանում են խնդիրներ՝ դիմել ԱՆ-ի թեժ գիծ ծառայությանը, շահը բոլորինս է:
Մինչ օրս արձանագրված դեպքերը և թեստավորումից դուրս մնացած անախտանիշ դեպքերի քանակն ու շրջանակը հաշվի առնելով՝ ի՞նչ եզրահանգման է եկել նախարարությունը, կա՞ հաշվարկ՝ ՀՀ բնակչության որ տոկոսն է այլևս ձերբազատված կրկնավարակի ռիսկից և, ի վերջո, նշմարվո՞ւմ են այն ժամկետները, երբ, փաստորեն, համատարած վարակումից հետո հրաժեշտ կտանք կորոնավարակին:
Որևէ երկիր այդ վերլուծությունը չի կարող շատ ստույգ իրականացնել, քանի որ առանց ախտանշանների դեպքերը բազմաթիվ են: Մի օրինակ ասեմ՝ դպրոցներում հիմա թեստավորումից դրական բավականին մեծ թիվ ունենք, բայց այդ երեխաները հիմնականում անախտանիշ են տանում վարակը, և սա շփումների ամենաակտիվ գոտիներից մեկն է, ուստի ասել, թե մեր ազգաբնակչության որ տոկոսն է այլևս հաղթահարել վարակը, չենք կարող: Անիրատեսական է այս պահին այլ հիվանդություների մասսով պոպուլիացիոն հետազոտությունների հնարավորությունը, որը գուցե ինչ որ չափով տար տվյալներ:
Այդ դեպքում վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ իր ելույթներում ինչի՞ վրա էր հիմնվում, երբ վստահորեն հայտարարում էր, թե 2021 հունվար-փետրվարին կկարողանանք հրաժեշտ տաl վարակին:
Այդ հաշվարկները հիմնականում պայմանավորված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առկայությամբ, շատ երկրներ արդեն առաջարկում են և դա, կարելի է ասել, հասանելի կլինի 2021-ի գարնանը: Բոլորս հասկանում ենք, որ միակ միջոցն ամբողջությամբ վարակից ձերբազատվելու համար իմունշերտ ունենալն է պատվաստանյութերի միջոցով: Բայց դա էլ դեռ շատ հարցերի պատասխան չի կարողանում տալ՝ քանի՞ տարի կպահվի օրգանիզմում այդ պատվաստանյութով ստեղծված իմունշերտը և այլն:
Թեստավորումներում վարակի հայտնաբերման 9% -ից այսօր 57% ին հասնելը ինքնին խոսում է ամեն 2 շաբաթը հետո կրկնակի թվի աճի մասին: Սա լուրջ նախադրյա՞լ է Կառավարության համար նոր ու ավելի խիստ սահմանափակումների գնալու համար:
Այո, այս տեմպերով 1000-ը երկու շաբաթ անց դառնում է 2000 վարակակիր, և ևս երկու շաբաթ անց՝ 4000 վարակված: Կարծում եմ՝ սրված իրավիճակն անհրաժեշտություն կառաջացնի նոր սահմանափակումների և եթե հենց այսօրվա թվերը պահպանվեն, Կառավարությունն այս աղետից դուրս գալու այլ լուծում չունի, քան գնալ նոր և շատ ավելի խիստ սահմանափակումների: Մենք այն վիճակում ենք, որ հիվանդանոցային ամեն մահճակալ պետք է ծառայի մեր վիրավոր զինվորին, մենք այլընտրանք չունենք:
Ամեն օր կամավորների մեծ խմբեր են մեկնում առաջնագիծ, այս դեպքերում և վարչապետի մարտակոչով զորահավաքներին արդյո՞ք տղաները թեստավորվում, նոր են ուղևորվում Արցախ:
Ոչ, դրա հնարավորությունը չկա՝ հապճեպ հավաքագրումների ու զինվորագրվողների քանակի, նաև խմբերի տեղաշարժերը կանոնակարգելու պատճառով: ՊՆ-ի հետ փորձեցինք միջանկյալ լուծումներ գտնել՝ գործընթացը կազմակերպելու համար, բայց այս փուլում դեռևս հնարավոր չէ, անհնար է ապահովել: Ուստի հորդորս բոլոր մեր հայրենակիցներին՝ նաև մեր սահմանին կռվողների թիկունքն ամրացնելու համար հետևենք սանիտարական կանոններին:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը