30 01 2023

ՄԻԵԴ-ը 2022 թվականին Հայաստանի դեմ կայացրել է 21 վճիռ

ՄԻԵԴ-ը 2022 թվականին Հայաստանի դեմ կայացրել է 21 վճիռ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Սիոֆրա Օ'Լիրին զեկույց է հրապարակել դատարանի 2022 թվականի գործունեության մասին՝ ներկայացնելով նաև Հայաստանի անցած տարվա վիճակագրությունը։

Այսպես, ըստ զեկույցի, 2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ, որոնցից բոլորում հայտնաբերել է առնվազն մեկ խախտում։

Առավել ոտնահարված իրավունքը անձի ազատության և անվտանգության իրավունքն է (7 որոշում) և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքը (6 որոշում):

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրախորհրդի երկրներից ամենաշատ առկախ դիմումներ ունեցող երկրներից է (1250 դիմում կամ դիմումների ընդհանուր թվի 1,7%-ը)։

2022 թվականին ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի դեմ գործերով միջանկյալ միջոցներ կիրառելու 12 դիմում։ Սակայն խնդրանքներից ոչ մեկը չի բավարարվել։

Զեկույցում նշվում է նաև, որ 1959 թվականից մինչև 2022 թվականը ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ դիմումների վերաբերյալ 174 որոշում է կայացրել։ Դրանցից 163-ում արձանագրվել է առնվազն մեկ խախտում։ Ամենաշատը խախտվել է ազատության և անվտանգության իրավունքը (60 վճիռ), որին հաջորդում են արդար դատաքննության իրավունքը (52 վճիռ) և սեփականության պաշտպանության իրավունքը (37 վճիռ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ