Որպես վկա Երևանի քննչական վարչություն հրավիրված «5-րդ ալիք» ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը 4,5 ժամ շենքում մնալուց հետո դուրս եկավ որպես մեղադրյալ։
«Մեզ համար մեղադրանքն անհասկանալի էր, դրա համար ես հրաժարվել եմ ցուցմունք տալ։ Ոնց հասկացա՝ ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում։ Ինձ համար դա շատ անհասկանալի է։ Ինձ թվում է՝ ազատ քաղաքացի եմ և ցանկացած վայրում իրավունք ունեմ գտնվելու, եթե այդ վայրը սահմանափակում չունի, իհարկե»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանը։
Հարցին, թե այսքան երկար ի՞նչ էիք անում վարչության շենքում, Թավադյանն ասաց․ «Բացատրում էին, փորձում էին ճնշում գործադրել, որ ես ցուցմունքներ տամ։ Ես ո՞նց ցուցմունք տամ, եթե չեմ հասկանում՝ ինչում են մեղադրում, գործի իմաստը չեմ հասկանում»։
Փաստաբան Նարեկ Ալոյանն ասաց․ «Երևան քաղաքաի քննչական վարչության ծանր հանցագործությունները քննող քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4 –րդ մասով։ Այսինքն՝ որպես զենք օգտագործվող առարկային գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը որպես զենք է համարել ջրի շիշը։ Քննիչի կողմից որոշում է կայացվել Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Քննությունը կինի կամ այսօր ուշ գիշերը կամ վաղը»։
Նարեկ Ալոյանը լրատվամիջոցի սեփականատիրոջ նկատմամբ կատարվողը համարում է քաղաքական հետապնդում։ Անդրադառնալով միջադեպին, որի վերաբերյալ էլ քրեական գործը հարուցվել է, փաստաբանն ասաց․ «Դատարանում տեղի է ունեցել միջադեպ, որոշ անձինք կարծիք արտահայտեկու ազատությունից են օգտվել և բացասական կարծիք հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ նման կարծիք հնչեցնողների նկատմամբ։ Գործ ունենք երկկողմանի բարձր տոնով կարծիք հնչեցնելու հետ։ Հիմա մի կողմից հնչեցրած կարծիքը համարել են բացասական, սպառնալիք պարունակող, և տվյալ անձանց խուլիգանության հոդվածով մեղադրանք ռաջադրել՝ ծանր հոդվածով, շիշն էլ զենք հանդիսացող առարկա է դիտարկվել։
Միջադեպից որոշ ժամանակ անձ Վարդգես Գասպարին ոստիկանության հետ զրույցում նրանց անվանեց լկտի, թափթփուկ, սրիկա և այլն։ Մենք ունենք իրավիճակ որ ոստիկանությունը երևի ունի համապատասխան պատրաստվածություն, հոգեբանական ամրություն և չի պատասխանում վիրավորանքներին, բայց ՀՀ 10 քաղաքացուց 7-ը եթե լսի այն որակումները, որ Վարդեգես Գասպարին հասցնում է, պատասխան կտա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը