Top-News.am-ը գրել է. «Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների քայլերի, որոշումների, հայտարարությունների կենտրոնը Ռոբերտ Քոչարյանն է կամ նրա անտեսանելի ստվերը:
Այսպես, Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու որոշման մասին մտածում է, երբ դատարանը կալանքից ազատում է Ռոբերտ Քոչարյանին:
Սահմանադրական դատարանի բարեփոխումների մասին իշխանությունները հիշում են, երբ Ռոբերտ Քոչարյանի գործը հասնում է այնտեղ:
Վեթինգի մասին մտածում են, երբ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում:
Անգամ երբ էներգահամակարգում խոշոր վթար է, ակնարկում են Ռոբերտ Քոչարյանի մասին:
Վենետիկի հանձնաժողովի մասին կարծիքն արմատապես փոխում են, երբ Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակվում է իրենց համար անցանկալի ձեւակերպումներով:
Դատավորի դեմ քրգործ են հարուցում, երբ նա կարող է կրկին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
«Ազատություն» ռադիոկայանին անգամ հարցազրույց են տալիս, երբ դատավորներին վեթինգի ենթարկելու և ՍԴ-ն «բարեփոխելու» հարցով Վենետիկի հանձնաժողովը որոշ պարզ ձևակերպումներ է անում:
Եվ վերջապես, հացից զրկված փայտահատների բողոքի հետևում Ռոբերտ Քոչարյանի ստվերն են տեսնում և երկրի ամբողջ ուժային համակարգն իրենց ղեկավարներով տեղափոխում Իջևան:
Ռոբերտ Քոչարյանի ստվերը, անտեսանելի ստվերը հետապնդում է իշխանություններին և նրանց ստիպում տարօրինակ քայլեր, որոշումներ և հայտարարություններ անել, որոնք, ցավոք, չեն բխում մեր երկրի շահերից:
Ասում են, որ տասնամյակներ առաջ՝ 1949թ. ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ Ջեյմս Ֆորեստոլն այնքան էր ահաբեկված «բոլշեւիկների» ստվերով, որ ամենուր նրանց էր տեսնում: Ի վերջո այդ վախը շատ-շատ ծանր հետեւանքների հասցրեց: Հիվանդության ժամանակ նա անդադար կրկնում էր՝ ռուսներն են գալիս, ռուսներն են գալիս, նրանք ամենուր են, ես տեսել եմ նրանց» ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը