ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային։
Այսպես՝ 57-ամյա իտալացին, հանդիսանալով իտալական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իր ղեկավարած ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է քննվում, իր տնօրինած մեկ այլ ՍՊ ընկերության փոխտնօրեն, ՀՀ քաղաքացուն խնդրել է գտնել միջնորդի, որպեսզի քրեական գործով վարույթը կարճելու համար կարողանա կաշառել հիշյալ քրեական գործով այդպիսի իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։
Վերջինս, լավ հարաբերությունների մեջ գտնվելով հարկային տեսուչի հետ, 2018 թվականի օգոստոսի 5-ին պայմանավորվել և օրեր անց Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է նրան, որի ընթացքում իտալացի գործարարի անունից հարկային տեսուչին խնդրել է օգնել քննվող քրեական գործով վարույթը կարճելու հարցում՝ հայտնելով, որ իտալացի իր ղեկավարը պատրաստ է նաև կաշառք տալ։
Իր հերթին հարկային տեսուչը, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, գիտակցելով խոստումը կատարելու անհնարինությունն ու նպատակ չունենալով որևէ գործողություն կատարել իտալացի գործարարի օգտին, փոխտնօրենին հայտնել է, որ մտերիմ է ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյայի հետ ու կարող է նպաստել կաշառքի շուրջ համաձայնության գալուն։
ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառելու համար տեսուչը փոխտնօրենի միջոցով իտալացի գործարարից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե այդ գումարի դիմաց ՊԵԿ պաշտոնյան, իբր, հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը։
Ընդունելով կաշառքի առարկայի շուրջ առաջարկը՝ փոխտնօրենը 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իտալացի գործարարից ստացել և հարկային տեսուչին է փոխանցել առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ կաշառք-գումարը, որը վերջինս խարդախությամբ հափշտակել է, ինչի արդյունքում գործարարն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը