Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիրիկա գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, թե տղամարդը կոնկրետ որ դեղատներից և որքան դրամով է ձեռք բերել հոգեներգործուն դեղահաբերը։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով համապատասխանաբար 582 և 150 հատ լիրիկա տեսակի դեղահաբ։
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել նաև Երևանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից ևս հայտնաբերվել է նույն դեղահաբից 111 հատ։ Դեղատների տնօրենները ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը