22 01 2020

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ է. Փաստաբան. Tert.am

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ է. Փաստաբան. Tert.am

Գործը իրավական հեռանկար չունի, և այս գործով ոչ մի զարգացում էլ տեղի չի ունենում. Երվանդ Վարոսյան

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, և նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու որոշումը իրավաչափ չէր, կայացվել էր քրեական հետապնդման շրջանակներում, որի համար չէր եղել ԲԴԽ թույլտվությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Սա նշանակում է, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, գործը կարճվի: Ընդ որում, Դատախազությունն ինքը վճռաբեկ բողոքում նշել էր, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մնալու դեպքում այլևս Դ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել չի կարող: Թե ինչ կանի վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն, դժվար է ասել, տեսնենք ապօրինությունները կշարունակվեն, թե ոչ»,-նշեց նա:

Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկվել էր Վերաքննիչ դատարանում և Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել էր այն: Վերաքննիչ դատարանը հաստատել էր, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդումը հարուցվել էր ոչ թե նրան որպես մեղադրյալ ներգրավելու պահից, այլ գործի հարուցման պահից, քանի որ այդ որոշման մեջ արդեն իսկ մատնանշվել էր դատավորի անունը՝ իբրև ենթադրյալ հանցագործություն կատարողի։

«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում, ու դա արվել է առանց Բարձրագույն դատական խորհրդի թույլտվության, և գործը հարուցվել է ոչ թե ենթադրյալ հանցանքի փաստով, այլ դատավորի դեմ»,-նշեց նա:

Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ գործը իրավական հեռանկար չունի, և այս գործով ոչ մի զարգացում էլ տեղի չի ունենում, որևէ քննչական կամ այլ գործողության չի կատարվում, տևական ժամանակ պարզապես պահվում է ՀՔԾ-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ