«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել կապված կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ուժի կիրառմամբ բերման ենթարկելուն:
Հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև, ՀԿ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:
«Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս պատճառվել են վնասվածքներ:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնց նպատակը Հայաստանում Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի իրացումը դադարեցնելն է, իսկ իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումներին ենթարկված անձանց իրավական պաշտպանությունից զրկելն է:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:
Միաժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հատկապես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԱՄՆ դեսպանությանը, հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովման իրենց հրապարակային հանձնառությանը և համարժեքորեն արձագանքնել թույլ տրված խախտումներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը