15 07 2020

Հակառակորդի գործողությունների հետևանքով Այգեպարում 11 տուն է վնասվել․ ՄԻՊ

Հակառակորդի գործողությունների հետևանքով Այգեպարում 11 տուն է վնասվել․ ՄԻՊ

Հակառակորդը ամենամեծ վնաս հասցրել է սահմանամերձ Այգեպար գյուղին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այստեղ մենք ունենք արձանագրված 11 քաղաքացիականն տուն, եւ հրետակոծել են այնպիսի արկերով, որոնք ներսում պայթում են եւ վնաս են հասցնում բնակիչներին»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով` Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էլ արկն ընկել եւ ամբողջովին վնասել էր տունը. «Չինարիում էլ մեկ այլ արկ էր ընկել ու չէր պայթել, որի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ եթե այն ընկնի տան տանիքին տունը ամբողջովին կվնասվի»:

Արման Թաթոյանի խոսքով` մեր սահմանամերձ բնակավայրերը քաղաքացիական օբյեկտներ են եւ դրանց մոտ գտնվող ռազմական օբյեկտ չկա, որը թույլ կտար անգամ ենթադրել, որ ռազմական օբյեկտներ կտեղակայվեն:

«Այնինչ մենք տեսանք, որ Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերի մոտ տեղակայում է ռազմական տեխնիկա, որ հետագայում ցույց տա, որ իբր քաղաքացիական բնակչությանը վնաս է հասցվել»,-հավելեց նա:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» եւ  Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ: 

«Սա դատապարտելի է եւ մտահոգիչ, քանի որ «Տավուշ-տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ եւ համավարակի պայմաններում հարցը մարդասիրական տեսանկյունից է դիտարկվում եւ միջազգային մարդասիրական նորմերի խախտում է: Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով հետախուզել են, եւ ենթադրում ենք, որ նախապես իմացել են, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այլ առողջապահական նպատակներով հենց դիմակ արտադրող: Էլ չեմ խոսում, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամին, որտեղ գտնվել են աշխատողներ, եւ ակնհայտ է, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մասին է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ