19 08 2020

Առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ․ Բադասյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ․ Բադասյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Լրատվական միջոցներից մեկն այսօր մի հրապարակում է արել «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով՝ նշելով, թե ԱԺ-ում իմ կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը:

«Այս հրապարակման հեղինակին հիշեցնեմ, որ սա այս օրենքի կիրառման առաջին դեպքը չէ։ Ընդամենը ամիսներ առաջ, ի դեպ նույն օրաթերթը հրապարակել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձի մասին, որը, օրեր անց, հենց այս օրենքի կիրարկման արդյունքում, հիմնավոր կասկածը հաղթահարելու պայմաններում կալանավորվել էր։

 

Հետևապես, այս օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, հերյուրանքներ էին։

Եվ այսօր, երբ գրանցվել է դեպք, որ դատարանը քրեական ենթամշակույթին հարելու ապացույցները հիմնավոր չի համարել խափանման միջոց կալանք կիրառելու համար, առանց հասկանալու, առանց գործի մանրամասների մեջ խորանալու՝ լրատվամիջոցը մեղադրանք է հնչեցնում, թե օրենքը չի աշխատում։

Գնահատում եմ արդարադատության ոլորտի նկատմամբ լրատվամիջոցի այսքան կենտրոնացված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս բարեփոխումների դեմ պայքարող որոշ մարդկանց փսփսոցները լսելիս՝ ավելի ուշադիր լինել։ Օրենքը գործնական կիրառման շատ քիչ ժամանակ է ունեցել, թեև արդեն իսկ պարզ է, որ օրենքի մակարդակում որևէ խնդիր չկա. այն բխում է միջազգային փորձից և որևէ խոչընդոտ այդ մակարդակում չկա։ Վստահ եմ՝ առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ»,-գրել է նախարարը:։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ