Հետպատերազմյան Հայաստանում նոյեմբերի 10-ից՝ Արցախի մի շարք շրջաններ վարչապետի կողմից հանձնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ՀՀ ներքաղաքական կյանքում բուռն զարգացումներ են։ Մասնավորապես այդ համաձայանգրի կետերը չընդունող քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ակցիաներով, հավաքներով, փողոցներ փակելով։
Վերջինի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ գործողություններ էին իրականացնում մեծաքանակ դիմակավարոված ոստիկաններ, որոնք ոստիկանության պնդմամբ իրենց աշխատակիցներն են։ Այդ ոստիկանները, տարբերանշաններ չունեյին, հագած էին նոր, համազգեստ, որը մինչ այդ չէր եղել, Ոստիկանության կիրառման մեջ։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ոստիկանների դիմակավորված լինելու երկու հնարավոր պատճառ է տեսնում․
«Առաջինը՝ հնարավոր է իրենք՝ ոստիկաններն են հրաժարվել սեփական դեմքով մասնակցել Շուշին հանձնած և հայրենիքը թշնամուն ծախած մարդկանց պաշտպանությանը։ Սա մի տարբերակն է։ Եվ երկրորդ՝ հնարավոր է այդ մարդկանց մի մասը ընդհանրապես ոստիկաններ չեն և նրանց չիդենտիֆիկացնելու համար հագցրել են դիմակները»։
Իրավապաշտպանը խոսելով դրա հետևանքների մասին, նշեց․ «Շատ դիպուկ էր այդ միջադեպերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ մանրամասն իրավական տեսանկյունից հիմնավորվում էր դիմակավոր ոստիկաններ օգտագործելու անթույլատրելիությունը։ Հետևանքները այն կարող են լինել, որ այդ մարդիկ կարող են ուժ կիրառել և իրենց անպատիժ զգալ հետագայում պատասխանատվությունից խուսափելու ակնկալիքով»։
Մելիքյանը նշեց, որ նկատելի են եղել դեպքեր, որ դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, որի պարագայում նրանց նույնականացնելը դժվար է։
«Հատկապես նկատելի էր դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված գործողություններ, որոնք մի երկու շաբաթ առաջ հայրենիք էին պաշտպանում։ Որոշ դեպքերում պետք է ընդունել, որ ոստիկանները բավական կոռեկտ են իրենց դրսևորում, հիմնականում հասկանում են, որ իրենց համար դա ընդամենը հրահանգ է, որ ինչ-որ կերպ պետք է կատարել։ Այդ մարդիկ էլ հասկանում են, որ գործ ունեն արդար պահանջ ներկայացնող մարդկանց հետ», - ասաց նա։
Թե ինչպես պետք է կանխել ոստիկանական նման գործությունյունը, իրավապաշտպանը մեջբերում է ՄԻՊ-ի հայտարարությունը, որից պետք է բխեն պետության գործողություններտը․
«Որոշումը կայացվում է այս իշխանությունների կողմից։ Սակայն ես մի բան կնշեմ, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մարդիկ առանց ուժ կիրառելու ընդամենը դիմակազերծեն դիմակավոր ոստիկաններին։ Չկա որևէ իրավախախտում դիմակավորված ոստիկանների դիմակազերծելու մեջ, այն պարագայում, երբ որ դրանք կիրականացնեն ուժային գործողություն քաղաքացիների նկատմամբ։ Լրիվ ընդունելի է, որ մարդիկ տեսնեն, թե այդ ովքեր են ուժ կիրառում։
Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը և խաղաղ հավաքների միջամտությունը անօրինականություն է․ «Մեկնաբանվում է՝ իբր ռազմական դրության ժամանակ հավաքներ անցկացնել չի կարելի, որն աբսուրդ է, որովհետև ռազմական դրությունը թեկուզ պաշտոնապես հայտարարված է, բայց պատերազմն ավարտվել է խայտառակ կապիտուլյացիայով և ռազմական դրություն պահպանելը միայն իշխանության պահպանման համար է»։
Իշխանյանի բնորոշմամբ՝ սևազգեստ, դիմակով և «նինձնայների» տեսքով ուժերի առկայությունը մարդկանց սարսափեցնելու նպատակ ունի․ «Ոստիկանության հնարավոր ապօրինի գործողություններից հետո պետք է նույնականացվի բռնություն գործադրած ոստիկանը՝ հետագա պատասխանատվություն կրելու համար, սակայն այս պարագայում միանման սև հագածները օրենքից դուրս են և որևէ ձևով հետագայում նրանց անօրինական արարքների համար չի նախատեսվելու պատասխանատվություն։ Այսինքն տեղի է ունենում ահաբեկում, բռնություններ մեկ նպատակի համար՝ սեփական իշխանությունը պաշտպանելու։ Այն էլ այն իշխանությունը, որը ամեն ինչ ձախողել է, երկիրը պարտության է մատնել և ոչ միայն Արցախն է հանձնել, այլև ՀՀ սուվերենությունը՝ խախտելով սահամանդրությունը և քրօրենսգիրքը»։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է օլիգարխների թիկնապահներն են իրականում սևազգես ոստիկանները, իրավապշատպան չբացառեց, նշելով, որ հավանական է՝ վարչապետը ստիպել է օլիգարխներին թիկնապահներ տրամարդել, հակառակ դեպքում նա նրանց կսնանկացնի։
Ինչ վերաբերում է ոստիկանական բիրտ գործողությունների և հետագայում դիմակավորված անձանց ապօրինությունների կանխմանը, Իշխանյանը նկատեց․
«Այսօրվա ոստիկանությունը իրականում վարչապետի անձնական պաշտպանության թիկնապահական գվարդիա է։ Թե ինչ է նշանակում այսօրվա ոստիկանություն՝ կարելի է իմանալ նախկին պաշտոնյաների հայտարարություններից, օրինակ՝ Վալերի Օսիպայանի։ Իսկ կանխելու միակ ձևը՝ պետք է հետևողական լինի ընդդիմությունը իր պայքարում և մենք չպետք է ունենանք անտարբեր հասարակություն, հասարակությունը չպետք է հաշտվի հայրենիքի կորստի հետ, սա է այդ ամենի դեմ միակ միջոցը, որովհետև մենք չունենք իրավական պետություն, քանզի այդ անօրիանականությունների համար իրավական պետությունում վաղուց պետք է իրավապահ մարմինները գործ հարուցած լինեին, սակայն իրավապահ մարմինները գտնվում են վարչապետի գրպանում»։
Դիմակավորված ոստիկանների հետագա հնարավոր ապօրինի գործողությունները կանխելու միջոցների վերբարերյալ փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ՄԻՊ-ից, որը հղում անելով իր հայտարարությանը նշեց, որ ավելացնելու այլ բան չունեն։
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորև․
«Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:
Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:
Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը:
Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։
Այս երևույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:
Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով և անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»:
Արմինե Արմենակյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը