25 11 2020

«Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան. Antifake.am

«Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան. Antifake.am

Antifake.am-ը գրում է. «Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվեց ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարությունը սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների դադարեցման եւ տարածքային զիջումների մասին: Համաձայն այդ հայտարարության տեքստի` ի լրումն Ադրբեջանի կողմից գրավված տարածքների` վերջինիս վերահսկողության տակ էին անցնում Քարվաճառի, Լաչինի, Աղդամի շրջանները եւ Շուշի քաղաքը, գրում է Antifake.am-ը:

Հայտարարությունից հետո հայկական հասարակական-քաղաքական դաշտում գործող կուսակցությունների, ինչպես նաեւ պետական տարբեր ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պահանջում է կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

Արդեն հայտարարության ընդունումից մի քանի օր անց հայկական 17 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ: Սկսվեց հանրահավաքների ու երթերի շարք, որոնց մասնակցում են հազարավոր քաղաքացիներ` Հայաստանից եւ Արցախից: Մասնակիցների թվի աճին զուգահեռ` ավելանում են նաեւ ոստիկանության եւ ուժային տարբեր կառույցների կողմից վարչապետի հրաժարականը պահանջող հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունները, նրանց շարժական եւ անշարժ գույքի խուզարկությունները: Նրանց մեղադրանքներ առաջադրվեցին ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասով:

Այնուհետեւ իշխանությունների գործելաոճում տեղի ունեցան փոփոխություններ: Նոյեմբերի 20-ին Երեւանում եւ Գյումրիում քաղաքացիական խաղաղ անհնազանդության հերթական ակցիաների ընթացքում, երբ փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչների, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին Գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, քաղաքագետներ Արմեն Մինասյանին եւ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանին եւ այլ գործիչների:

Հետաքրքիր է այս իրավիճակում հետեւել դատական համակարգի գործողություններին, երբ իշխանությունները ապօրինի եղանակով փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել ընդդիմադիրների նկատմամբ, որոնք պահանջում են կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանի եւ գործող կառավարության հրաժարականը: Ինչպես եւ սպասվում էր, գործիչների ձերբակալումը դատարանը համարել է ոչ օրինաչափ եւ ազատ է արձակել նրանց:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը խուզարկել է Միհրան Հակոբյանի, Ռոբերտ Մելքոնյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի, Բաբկեն Հարությունյանի եւ այլ գործիչների բնակարանները: Բնակարանների խուզարկության թույլտվությունը տվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Դեռեւս ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, AntiFake.am-ը սկսել էր «Անիրավ դատավոր» հետաքննական նախաձեռնությունը, որի շրջանակներում հրապարակելու ենք իշխանությունների կամակատար «անիրավ դատավորների» մասին հանրությանը հետաքրքրող տեղեկություններ՝ սկսած կասկածելի ունեցվածքից ու բիզնեսներից` վերջացրած կախվածություն ստեղծող կապերով։

Կարեն Ֆարխոյանը որպես քաղաքական հրահանգներ կատարող դատավոր հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերից, երբ վերջինիս որոշմամբ կալանավորվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ֆարխոյանը նախ ոչ իրավաչափ էր ճանաչել Արսեն Բաբայանի ձերբակալումը, ապա բավարարել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Դեռեւս այդ ժամանակ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են: Ուստի Կարեն Ֆարխոյանն էլ քաղաքական որոշում էր կայացրել` կատարելով իշխանությունների հրահանգը` ազատությունից զրկել ընդդիմադիր Արսեն Բաբայանին:

Դեռեւս 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս եւս կալանավորվել էր, սակայն պաշտպանների միջնորդությամբ` գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հետաքրքիր է, որ հենց դատավոր Կարեն Ֆարխոյանն է քննել հասարակական-քաղաքական գործիչների բնակարանները խուզարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Կարեն Ֆարխոյանը տվել է ոչ միայն վերոնշված անձանց, այլ վերջին օրերին քաղաքական տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպելու գործերով իրավապահների կողից հետապնդվող՝ Ազգային ժողովի նախկին Գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի, Հրանտ Մելիք-Շահնազարյանի, Արծվիկ Մինասյանի, Դաշնակցության ակտիվիստների բնակարանները խուզարկելու թույլտվություններ, որոնք սպասվում են առաջիկա օրերին»:

Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձեւավորում, իսկ գործընթացը ղեկավարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը իր հերթին հանդիպումներ է ունենում «վստահելի» դատավորների հետ, նույնիսկ ցանկ է հրապարակել. Աննա Դանիբեկյան, Մնացական Մարտիրոսյան, Գագիկ Պողոսյանը, Վաչե Մարգարյան: Նրանք էլ հենց զբաղվելու են Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված քաղաքական հակառակորդներին լռեցնելու գործընթացով:

Թե ինչքանով կարող է դատավոր Ֆարխոյանի նման գործելաոճը կապված լինել իր եղբոր` քրեական գործով անցնելու, նրա «չկալանավորման» երաշխիքների եւ իշխանությունների հետ պայմանավորվածությունների մասին, կարելի է համապատասխան եզրահանգումների գալ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ