11 05 2020

Վարչապետի մոտ քննարկվել են գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել են գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:

Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:

Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Ամփոփելով այս և նախորդ քննարկումները՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին վերը նշված առաջարկությունները քննարկել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների ղեկավարների և ներկայացուցիչների հետ ու այդ քննարկումների արդյունքներով վերջնական տեսքի բերել նախագիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ