2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու մտադրություն ունի, արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն. նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը