ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին։ Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, այս փուլում Եվրամիության միջնորդական ջանքերի ակտիվացմանը, հարցին, թե երբ եւ ինչ պայմաններում Արցախի կարգավիճակի հստակեցման եւ ինքնորշման իրավունքի իրացման հարցերը կարող են նորից բանակցությունների առարկա դառնալ։ Ուորլիքը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ՄԽ եռանախագահության ձեւաչափը։
Դուք դադարեցրել եք Ձեր գործունեությունը Մինսկի խմբում 6 տարի առաջ։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է փոխվել Մինսկի խումբը իր ունեցած դերի եւ արդյունավետության տեսանկյունից։
Ստեղծվելուց ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահները չափազանց կարեւոր դեր են խաղացել կողմերի երկխոսությունը կազմակերպելու հարցում։ Այն բացառիկ ձեւաչափ է եղել նաեւ որպես ԵԱՀԿ-ի մաս՝ որպես համանախագահող երկրների համախմբելով Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները տարբեր խնդիրների բերումով լարվել էին, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն հարցերից մեկն էր, որի դեպքում կարողանում էինք համատեղ աշխատել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեի իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ եւ հպարտությամբ եմ ասում, որ մենք շատ լավ, գործընկերային եւ համագործակցային միջավայրում ենք աշխատել իրար հետ։ Հույս ունեմ՝ ապագայում եւս այդպես կլինի։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիեւը շարունակում է պնդել, թե Մինսկի խումբը սպառել է իրեն եւ պետք չէ, քանի որ հակամարտությունը, ըստ նրա, գոյություն չունի այլեւս։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Մինսկի խմբի մանդատն այլեւս անհրաժեշտ չէ։
Կարծում եմ՝ Մինսկի խումբը դեռ դերակատարում ունի։ Եթե ոչ Մինսկի խումբն ու համանախագահները, ապա միջազգային հանրության մեկ այլ հատված պետք է նման պատասխանատվություն ստանձնի։ Ես չեմ կարծում, որ դա բացառապես Ռուսաստանի ձեռքում պետք է լինի եւ կարծում եմ, որ հակամարտության կողմերն առկա խնդիրների ուղղությամբ աշխատելու համար միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Եթե նոր մեքենա ստեղծելու ցանկություն կա, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց այն ստեղծվելու դեպքում պետք է Մինսկի խմբի նման լինի։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը