20 05 2022

Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր դիլետանտիզմով.ՀՅԴ Երևանի ՔԿ

Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր դիլետանտիզմով.ՀՅԴ Երևանի ՔԿ

Այս առավոտ երևանցիները ականատեսը դարձան Երևանի քաղաքային իշխանությունների հերթական խայտառակության հետեւանքներին։ Ոմն շինարարի անփույթ աշխատանքի հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է, որովհետև փլուզվել է ճանապարհի մի հատվածը։

Ծիծառնակաբերդի խճուղու խնդրո առարկա հատվածը մի քանի ամիս առաջ նորից փլուզվել էր, հետո իբր թե վերանորոգվել էր, սակայն վերջին երկու ամիսներին նույն հատվածը մնում էր կիսով փակ։ Երեւանցու համար անհայտ էր, թե ե՞րբ է այդ վտանգը վերացվելու, ե՞րբ է շինարարի կողմից բռնագրավված ճանապարհը նորից գործելու, մինչև որ պատահեց անխուսափելին։

Պատահածի եւ անցնող մի քանի ամիսներին երեւանցու առօրյայի խաթարման պատասխանատուն շինարարն է, և նա պարտավոր է օրենքով սահմանված ամենախիստ պատժին ենթարկվել․ սակայն շինարարից ավելի պատասխանատու են Երեւանի քաղաքային իշխանությունները, Երեւանի քաղաքապետարանը, որ առաջին հերթին շինթույլտվությունների շարան է տրամադրել Դալմայի այգիներում և իր անփույթ աշխատանքի հետեւանքով ո՛չ միայն խաթարել է Երեւան քաղաքի բնապահպանական նորմերը, անտեսել կարիքները և խնդիրները, այլ նաև սահմանափակել երեւանցու տեղաշարժի իրավունքը՝ նորելուկ օլիգարխների հաշվին։

Այստեղ հարկ է ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ այս անփութության և ընդհանրապես Երեւանում շինարարական, կանաչապատման, ճանապարհների, աղբահանության, տրանսպորտի խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն՝ իր դիլետանտիզմով, պոպուլիզմով ու «մերը լինի, պոլի փետ լինի» մտայնությամբ, ինչ էլ որ լինի այդ մտայնության գլխին կանգնած անձնավորության անունը՝ Հայկ Մարության, Հրաչյա Սարգսյան, թե երազներ փայփայող Տիգրան Ավինյան։

 ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ