28 06 2022

Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան

Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան

Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցրած Բերձորի խնդիր, առանձին վերցրած Արցախի հիմնահարց կամ առանձին վերցրած, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պարտադրանք և այլն, ցավալիորեն, չենք կարողանալու սահմանել մեր արտաքին քաղաքական ու անվտանգային օրակարգը և դրանից բխող լուծումները։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նշված բոլոր խնդիրները չունեն առանձին «տեխնիկական» լուծումներ, այլ տեղավորվում են լայն իմաստով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որը սովորական «տեխնիկական» վեճ չէ, այլ, ըստ էության, երկու հակոտնյա ու իրարամերժ պետական և ազգային ծրագրերի միջև գոյութենական դարավոր պայքար, որտեղ կողմերը հաղթում են կամ պարտվում, պատկերավոր ասած, տարբեր ճակատամարտերում, բայց պատերազմի ելքը դեռ վճռված չէ, քանզի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը։

Ադրբեջանում սա կարծես թե վերջնականապես հասկացել են և գործում են հենց այս տրամաբանությամբ, մեզանում դեռևս՝ ոչ, ինչից էլ բխում են առաջին հերթին մեր քաղաքական և հասարակական վերնախավերի բոլոր պատրանքներն առանձին վերցրած խնդիրների իբր լուծումների հնարավորության վերաբերյալ։

Մինչդեռ, որքան էլ դա դաժան թվա, նման լուծումներ փաստացիորեն գոյություն չունեն, քանի որ վերջնարդյունքում վճռվելու է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի և պետություների հզորացման ու կործանման ականատես այս հնամյա արևի տակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ