Hetq.am-ը գրում է.
«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոմունիկացիոն ապաշրջափակումը օդային երթուղիների մասով իրականություն է դարձել դեռ նախորդ տարվանից, բայց այս դեպքում ապաշրջափակողը Հայաստանն է, իսկ օգտվողը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ճիշտ է՝ թղթի վրա Հայաստանն ու Ադրբեջանը, բացի պատերազմական փուլից, միմյանց հանդեպ թռիչքային սահմանափակումներ չեն կիրառել։ Այսինքն՝ թե՛ մեր երկինքն է բաց եղել նրանց համար, թե՛ նրանցը՝ մեզ համար։ Իրականությունը, սակայն, այլ է։
Նախ՝ հայկական փոխադրողները Ադրբեջանի երկնքով թռչելու կարիք մեծ հաշվով չունեն, որովհետեւ դեպի Միջին Ասիա, Սիբիր կամ Հեռավոր Արեւելք չեն թռչում, բայց ահա ՀՀ կառավարական օդանավն, օրինակ, միջինասիական քաղաքներ մեկնելիս կամ վերադառնալիս երբեք չի մտնում Ադրբեջանի երկինք, ինչն անվտանգային առումով ընկալելի է։ Ադրբեջանական ու թուրքական կառավարական բորտերն էլ մեր երկինք չեն մտնում, բայց այդ երկրների ազգային փոխադրողները՝ «AZAL»-ն ու «Turkish Airlines»-ը տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ են կատարում Հայաստանի օդով՝ միմյանց կապելով Բաքուն, Նախիջեւանը, Գյանջան, Ստամբուլը։
Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիան 2020-ի ամառվանից մինչեւ այս տարվա մարտ փաստացի չէր թույլատրում ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք։ Այս գարնանից Թուրքիայի օդով կրկին թռիչքներ է կատարում ՀՀ կառավարական բորտը, իսկ կոմերցիոն փոխադրողները շարունակում են խոչընդոտների բախվել։
Օրինակ՝ հայկական «Fly One Armenia» ընկերությունը, որի օդանավերը գրանցված են ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում, չնայած անարգել կատարում է Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը, թուրքական ավիացիոն իշխանությունների կողմից պարբերաբար խնդիրների է հանդիպում Թուրքիայի երկնքով տարանցիկ թռիչքներ կատարելիս։ Այսպես՝ մայիս-հունիսին թուրքերը չէին թողնում, որ «Fly One Armenia»-ն իրենց երկնքով Երեւանից թռչի դեպի Ֆրանսիա՝ Փարիզ ու Լիոն։ Հիմա էլ նույն խնդրին է բախվել Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը, որի մեկնարկը տրվեց հունիսի վերջին, բայց շատ շուտով թուրքերը չտրամադրեցին իրենց օդով տարանցում կատարելու հնարավորություն։ Ըստ հայկական ավիաընկերության՝ դեպի Բեյրութ թռիչքներն առկախվել են մինչեւ հուլիսի 21-ը։
Տուրիստական այս սեզոնին հայկական «Fly Arna»-ն էլ, որի օդանավը գրանցված է Հայաստանում, եգիպտական Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա թռչում է՝ Թուրքիան ու Իրաքը շրջացելով, ինչի հետեւանքով երկար կոր է գծում (տես նկարում)»։
Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը