15 07 2022

Փաշինյանը Քաջարանում Փարամազյանի դեմ կռիվ կտա նախկին ՀՀԿ-ականի ու երևանցի բիզնեսմենի դեմքով

Փաշինյանը Քաջարանում Փարամազյանի դեմ կռիվ կտա նախկին ՀՀԿ-ականի ու երևանցի բիզնեսմենի դեմքով

Քաջարանում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն ուզում է առաջադրվել, բայց առայժմ հայտնի չէ՝ ընդդիմադիր դաշինքո՞վ, թե՞ Առուշ Առուշանյանի օրինակին կհետևի՝ իր անվամբ դաշինք կկազմի որևէ կուսակցության հետ:

Իշխանությունը Փարամազյանի դեմ «կռիվ կտա» երկու թիմով՝ իր գլխավորած կուսակցության և  Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության, որպեսզի նվազ ձայների դեպքում  հնարավոր պլան B-ի հաշվարկով կոալիցիա  կազմի ՔՊ-ն՝ Քաջարանում իշխանություն իր ձեռքը վերցնելու համար:

ՔՊ-ավագանու թիմն առաջադրվելու է Երևանաբնակ գործարար Արմեն Առաքելյանի դեմքով, ով ընդամենը ծնունդով է սյունեցի: Նա վաղուց բնակվում է Երևանում ու մայրաքաղաքում է բիզնեսներ հիմնել, հյուրանոցային-տուրիստական ոլորտում, ասում են, լուրջ փողատեր է դարձել: Ավելին, ՔՊ թեկնածուն նախկին իշխանության հետ տենդերներով սերտ համագործակցողներից է եղել։ Այս և քաղաքական շատ հարցերի պարզաբանման համար փորձեցինք կապ հաստատել ՔՊ-ական դարձած Առաքելյանի հետ, բայց  չստացվեց, բացակայում է երկրից:

Քաջարանցիները վստահության դեֆիցիտ են նկատում երևանաբնակ թեկնածուի հանդեպ. պատերազմից հետո, ասում են,  իրավիճակ է փոխվել. «էսքան դեպքերից հետո քաջարանցին չի կարա առաջվա պես Նիկոլի դեմքով  ցանկացած անծանոթի քվեաթեթրիկի տակ պտիչկա դնի, ազերի զորքը  Սյունիքի լեռներին նստած է,   ու մի տարին անցավ՝ դրանց վռնդելու մտադրություն իշխանությունը չունի,  և հետո Փաշինյանն այլևս  հակառեյտինգով է  առաջատար, Սյունիքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկա»:  Քաջարանցիներին դուր չի գալիս, որ դրսից փոձում են մարդ բերել մարզ:

Իսկ թե ինչու է ՔՊ-ն հենց այս բիզնեսմենի վրա հենվել՝  տեղի բնակիչներն իշխանության որոշման տակ իրենց ձևակերպմամբ՝ «ոչ մի լոգիկա» չեն տեսնում, ասում են՝  ՔՊ-ի կադրային ռեզերվը դատարկվել է, մարդ չունի, նաև մարզպետին է ստիպված Տավուշից  բերել:

Բայց շատ ավելի ուշագրավ է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի ընտրությունը՝ Արամ Զավենիչի թեկնածուն ընդդիմադիր Մանվել Փարամազյանից է փորձելու  ձայներ փախցնել, նա պայքարի մեջ կմտնի նախկինում կարկառուն ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանի դեմքով, որը Լիսկայի օրոք էր ղեկավարում Քաջարանը: Բնակիչներն հիշում են, որ Վարդան Գևորգյանի բաժակաճառերի հերոսը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանն է եղել ու մի քիչ ավելի  պակաս քանակով՝ դրանք ձոնվել են «Լիսկա» մականվամբ հայտնի  Սուրիկ Խաչատրյանին:  

Քաջարանի թեկնածու պարոն Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչ հույսով է մտել ընտրապայքարի մեջ, մանավանդ, որ  վերջին ընտրություններին հազիվ կարողացել է  200 ձայն  հավաքել։ Ասաց, որ այդ տխուր նախադեպից չի կաշկանդվում, իեն լավով հիշողներ կան, չարացած չէ նախկին արդյունքներից ու համարում է, որ այսօր եղած թեկնածուների մեջ ինքն է  առաջատար դիրքերում։ Նրա խոսքից պարզ էր, որ հիմնական մրցակից համարում է միայն ընդդիմադիր Մանվել Փարամազյանին, ասում է՝ վարչապետի տիկնոջ փունջն իր արածն արեց, կարծում է՝ Փարամազյանն անհարկի փորձեց շոյել իր քաղաքական հակառակորդի տիկնոջ ինքնասիրությունը և այդ փունջ տալու հայտնի դրվագից հետո Փարամազյանի ռեյտինգը  խայտառակ վիճակում է հայտնվել:

Հետաքրքրվեցինք հնարավոր նոր զիջումների դեպքում ինչպիսին է լինելու իր վերաբերմունքն ու վարքագիծը՝ Քաջարանի ընտրված համայնքապետի պաշտոնում, թեկնածուն ամենաէական հարցին տասն անգամ մանևրեց, միայն թե խուսափի Փաշինյանին քննադատելուց:

 Խոսքից պարզ էր դառնում, Սյունիքի բարձունքների զիջումը Վարդան Գևորգյանը չի մարսել, ավելին՝ ռևանշի հույս ունի՝ Գորիս –Կապան-Մեղրի միջպետական ճանապարհից կտորների զիջումը, Շուռնուխի ու Որոտանի կեսը տալը թշնամուն արտասովոր է, անթույլատրելի է համարում։

Իր քաղաքապետության օրոք Վարդան Գևորգյանը բացառեց, որ Փաշինյանը կարող է Սյունիքից նոր տարածքներ ու բնակավայր զիջել, Yerevan.Today-ի  ճշգրտող հարցին՝ ինչի ձայն չէր հանում արդեն արված զիջումների ժամանակ, և արդյոք հայկական են Սյունիքից վերջին երկու տարում զիջված բարձունքները, գյուղերն ու ճանապարհները, Արամ Զավենիչի կուսակից դարձած նախկին ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանը ոչ մի կերպ  դրանք հայկական չհամարեց. «Նոյեմբերի 9-ի ստորագրված ակտից մեզ շատ բան հայտնի չէ, միայն  կասեմ , որ այդ ճանապարհահատվածները օկուպացրել է Ադրբեջանը»,- նշեց նա:

Այսպիսով՝ սեպտեմբերի 25-ին Քաջարան քաղաքի ու նրան միացված 21  բնավկավայրի 6542 ընտրողների քվեները կբաշխվեն՝ հիմնական երկու թեկնածուների միջև, ամբողջ ռեսուրսները իշխանության կողմից կներդրվեն Սյունիքի գոնե մեկ խոշորացված համայնքում հաստատվելու համար, իսկ ֆավորիտ թեկնածու Մանվել Փարամազյանին պաշտոնազրկելը այդքան էլ հեշտ չէ:

Հիշեցնենք, 2017-ին Քաջարանի շուրջ համայնքային փունջ  միավորվեց՝ մերձակա Լեռնաձոր, Դավիթ Բեկ, Անդոկավան, Գեղի, Նոր Աստղաբերդ գյուղական բնակավայրերով (21 բնակավայր), որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 8,315 մարդ: 

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ