Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, ասում է.
«Դժվարությամբ, բայց ստիպված կարդացի, վարչապետ կոչեցյալի, ուղերձ կոչվող, իրականում` 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության ծրագրի եզրափակիչ մասի ներկայացումը։ Ծրագիր, որը կազմել են, նրան և նրա համախոհներին հավաքագրած օտար երկրների ծառայությունները և որի նպատակն է Ռուսաստանին տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով։ Վարչապետ կոչեցյալը, հետևողականորեն կատարում է իր տերերի պատվերը, որի առաջին քայլը Արցախի հանձնումն էր, թեկուզ հազարավոր զոհերի և ցեղասպանության գնով։
Պետք է արձանագրել, որ նրան հավաքագրած օտարերկրյա ծառայությունները շարժվում են իրենց երկրների աշխարհաքաղաքական շահերով և այդ շահերի իրագործման ընթացքում, եթե օրինակ աշխարհի քարտեզից վերանա Հայաստանը և հայ ժողովուրդը ենթարկվի հերթական ցեղասպանության, բնավ նրանց չի հուզում։ Լավագույն դեպքում, նրանք խորը ափսոսանք կհայտնեն և ֆինանսական աջակցություն կցուցաբերեն փախստականներին և որբերին։ Եվ հերթական անգամ, «երախտապարտ» հայ ժողովուրդը շնորհակալ կլինի նրանցից։
Այս ծրագրի իրագործման համար, այդ օտարերկյա փորձառու գործակալության ներկայացուցիչը, վարչապետ կոչեցյալին հանձնարարել է, ժողովրդին մոլորեցնելու համար ,օգտագործել «խաղաղություն, հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրել, ինքնիշխանություն, անկախություն» արտահայտությունները։
Ինչպես նախորդ իր բոլոր խոսքերում, այնպես էլ այսօրվա ուղերձում, վարչապետ կոչեցյալը, շեշտում է ինքնիշխանություն և այլ դատարկաբանություններ։ Ի՞նչ ինքնիշխանությու՞ն, այ ողորմելի, դու՛ , քո դավաճանական քայլերով զրոյի ես հավասարեցրել Հայաստանի ինքնիշխանությունը։ Այսօր, Շոտլանդիան, Կատալոնիան, Չեչնիան, նույնիսկ՝ Աբխազիան, շատ ավելի ինքնիշխան երկրներ են, քան Հայաստանը։
Կարելի է ավելի մանրամասն , կետ առ կետ անդրադառնալ, այդ ուղերձ կոչվածի թեզերին։ Բայց, կարճ ասած, սա հակահայկական ծրագրի ավարտական փուլի մասին է։ Այդ ուղերձին հետևելու են կոնկրետ հակառուսական քայլեր՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից հրաժարվելը, ռուսական ռազմաբազայի դուրսբերման Հայաստանի կողմից պաշտոնական պահանջը։
Եթե իրականացվի այս ծրագիրը, ապա ի՞նչ է սպասվելու Հայաստանին։
Հաջորդ քայլով, վարչապետ կոչեցյալը Ադրբեջանին կհանձնի Հայաստանի մի շարք բնակավայրեր (անկլավներ), Զանգեզուրի միջանցքը, այսինքն՝ ողջ Սյունիքը։
Կբացվեն հայ -թուրքական սահմանները։ Կարճ ժամանակ անց, Հայաստանի տնտեսությունն ամբողջապես կկլանվի թուրքականի կողմից։ Այնուհետև, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, թուրքական զինված ուժերը կներխուժեն Հայաստան, ինչպես Կիպրոս, Իրաք, Սիրիա, Լիբիա և․․․ տեղի կունենա Հայաստանի վերջնական կործանումը», - ասաց Իշխանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը