Արդարադատության նախարարությունում փետրվարի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ, նիստի օրակարգում ներառված են եղել Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են Հանձնաժողովի զեկույցը՝ սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:
Նիստի օրակարգում ներառված են եղել նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր: Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդն ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առաջարկվել է Ն.Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:
Օրակարգի բովանդակային հարցերին Խորհուրդը որոշել է անդրադառնալ հաջորդ նիստին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը