31 08 2018

Ռոբերտ Քոչարյանը որևէ ձեռնարկության մեջ չկա և չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը որևէ ձեռնարկության մեջ չկա և չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

«Լեգենդը, թե Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ, 8 կամ 10 միլիարդ ունի, քանդվեց ընդամնեը 10 օրում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«2008 թվականից` նախագահի պաշտոնավարումից հետո ռուսական մի կայքում հայտնվեց 34 ընկերությունների ցուցակ, որը վերագրվեց Ռոբերտ Քոչարյանին, հետո այդ ցուցակի կապիտալիզացիան հանել էին, ստացվել էր 4 միլիարդ, հետո դա կրկնապատկվեց, հետո ասեցին, որ Ռոբերտ Քոչարյանը կղզիներ է գնել: Տարբեր լեգենդներ կային: Ընդամենն անցած տասը օրերին այդ ցուցակից երևի մի քսան ընկերություն հայտարարեցին, որ կապ չեն ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել երկու համատեքստում: Նրա խոսքով այնպես չէ, որ նախագահը աղքատ ընտանիքում է ապրում և բոլորով մի բնակարանում են բնակվում. «Այն բոլոր ընկերությունները, որոնք հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապ ունեն, դա միշտ էլ հրապարակային է եղել, միշտ էլ իրենց կայքերում էլ եղել է: Ես կարծում եմ, որ մոտակա օրերին և լրագրողների, և իշխանությունների օգնությամբ, որոնք վաղուց այդ ցուցակը ստուգել էին և շատ լավ գիտեին, որ օրինակ Պղնձամոլիբդենային կոմբինատը Քոչարյանինը չէ, ինչպես և մնացածը, ես կարծում եմ, որ այդ ցուցակը շուտով կբացահայտվի: Դուք կտեսնեք, որ հարյուրավոր մարդիկ Հայաստանում նման ծավալով բիզնեսներ ունեն, դա արտառոց երևույթ չէ»:

Վիկտոր Սողոմոնյանի համոզմամբ, կեղծ լուրեր են տարածել, որ ցույց տան, թե Քոչարյանը թալանել և կեղեքել է ժողովրդին: Հարցին, թե Քոչարյանն այդ ընթացքում միայն աշխատավարձո՞վ է ապրել, Սողոմոնյանը պատասխանել է, որ վերջին տասը տարիներին Ռոբերտ Քոչարյանն աշխատում է ԱՊՀ ամենադիվերսիֆիկացված և խոշոր կորպորացիայում որպես անկախ տնօրեն և բավականին բարձր պարգևատրում է ստանում, այնտեղ աշխատավարձ չէ, այլ համակարգ է:

«Ռոբերտ Քոչարյանը որևէ ձեռնարկության մեջ չկա և չի եղել: Այն տնտեսական աճը և բիզնեսի բումը, որ մենք ունեցել ենք Քոչարյանի կառավարման տարիներին, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ դրանից պետք է ուրիշները օգտվեին, իսկ իր որդիները՝ չօգտվեին: Եթե այդտեղ որևէ սահմանափակում կա՝ ասեք»,- եզրափակել է Վիկտոր Սողոմոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ