19 09 2018

ԼՂ հակամարտության գոտում վտանգավոր և անկանխատեսելի վիճակ է․ ռազմական փորձագետ․ 168․am

ԼՂ հակամարտության գոտում վտանգավոր և անկանխատեսելի վիճակ է․ ռազմական փորձագետ․ 168․am

«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ հակամարտության գոտում, հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է հայկական մերձսահմանային գյուղերը` Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Վազաշեն, Արենի:

Ռուս ռազմական փորձագետի գնահատմամբ՝ ցանկացած զարգացում հնարավոր է թվում, անկանխատեսելի իրավիճակ է և ԼՂ հակամարտության գոտում ինչպես միշտ և Մերձավոր Արևելքում:

Ըստ Ֆելգենգաուերի, այն իրողությունները, որոնք այսօր կան նաև ԼՂ հակամարտության գոտում, հակամարտության շուրջ և հարևան տարածաշրջանում ստեղծված անելանելի քաղաքական, ռազմական և դիվանագիտական իրավիճակը, սպառազինության մրցավազքը, ուժերի կուտակումները շփման գծում թույլ են տալիս պնդել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը ռազմական լայնածավալ գործողություններ կարող են սկսվել, ինչպես 2016 թվականին:

«Սակայն այդ գործողությունները չեն սկսվում, քանի որ այսօր ըստ էության ստատուս քվոն ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ կորուստները նման պատերազմից հետո շատ ավելին են լինելու, քան ձեռքբերումները երկու կողմի համար էլ: Յուրաքանչյուրը մտածում է` ինչ կստանա նման պատերազմից: Եթե այսօր նույնիսկ հակամարտությունը կարգավորված չէ, ապա կողմերը նախընտրում են իրավիճակը թողնել ներկայիս տեսքով, քան փորձել լուծել խնդիրները ռազմական ճանապարհով: Կարծում եմ` ըստ էության ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս իմաստով առանցքային բան չի փոխվել չհաշված այն մանր-մունր խնդիրները, որոնք առաջացել են հայ-ռուսական հարաբերություններում: Շատ բան չի փոխվել, քանի որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, ընթանում են այն ուղով, որը նախկին իշխանություններն են ունեցել բացառությամբ պահանջելով Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Ռազմական փորձագետի կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն իսկապես կա, որի հիմքում անվստահությունն է ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: «Կա նման իրավիճակ, բայց դրա մյուս կողմում այն հանգամանքն է, որ Մոսկվան հակված չէ սրել իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ բազում այլ խնդիրներ ունի և Հայաստանի հետ հարաբերություններում առկա անվստահության, լարվածության խորացումը խիստ անցանկալի է: Խիստ անցանկալի է նաև ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման սցենարը, ինչը նշանակում է, որ Մոսկվան կողմնակից է ստատուս քվոյի պահպանմանը, սակայն 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Մոսկվան չի որոշում, թեև Մոսկվայի կարծիքը հաշվի առնվեց և գործողությունները դադարեցվեցին Մոսկվայի միջնորդության արդյունքում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ