13 11 2018

Ներդրումները դեռ հեռախոսազանգերի ու խոստումների մակարդակում են. Արմենուհի Կյուրեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ներդրումները դեռ հեռախոսազանգերի ու խոստումների մակարդակում են. Արմենուհի Կյուրեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին

2019 թվականի բյուջեում որքա՞ն միջոցներ են հատկացվել ՏՏ ոլորտին, գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը: Այս մասին նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Այս նախագծում որևէ կերպ չի նկատվում այդ կարևորումը: Ինչ միջոցներ են նախատեսվել բյուջեում այս ոլորտների զարգացման համար, թե՞ հույսներս պետք է դնենք միայն ենթադրյալ ներդրումների վրա»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց վարչապետի ելույթը մայիսի 8-ին, որտեղ նա ասել էր, թե դրսից ստանում է տասնյակ հազարավոր զանգեր, որ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, եթե ինքն ընտրվի վարչապետ. «Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի ու խոստումների մակարդակում են: Հիմա խոստումների հիման վրա՞ եք ուզում զարգացնել ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե աշխատող մարդը պլանավորում է 5 օրով մեկնել Հայաստան, դա իրենից պահանջում է մի քանի ամիս: Հիմա ներդրումները ճամպրուկների մեջ կամ անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց, ասեց շատ լավ, ինձ էլ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստան: Ձեր կուսակցությունը ներկայացնող տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ներդրումային հազարավոր ծրագրեր ներկայացվել ներդրողների կողմից և դրանք քննարկման ընթացքում է»:

Փաշինյանը նշեց, որ օրինակ, ՏՏ ոլորտում 13 տոկոս եկամտահարկի նվազեցում են նախատեսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ