08 12 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Լուկաշենկոյի խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Լուկաշենկոյի խոսնակ

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի շուրջ և որ գլխավոր քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչը»: Այս հայտարարությունը հերքել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել էր, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ:

«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:

Պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի կողմից միանշանակորեն որոշված է այն, որ այս հարցը պետք է լուծվի մինչև նոր (2019թ.) տարի»,- ասել է Էյսմոնտը «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լուկաշենկոյի խոսնակը նաև նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ թեմայի քննարկումը եղել է «ոչ թե բուռն, այլ շատ բուռն»: Նրա խոսքով՝  կրքերն այնպես են բորբոքվել, որ արդեն վերջում «բոլորը բոլորի առաջ ստիպված են եղել ներողություն խնդրել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ