ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հարստացավ ևս մեկ զուգահեռ էպիզոդով: Հիմա էլ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակին:
Քոչարյանի նկատմամբ արդեն «ընտանեկան վենդետտայի» նմանվող հալածանքները, հասկանալի է, չի կարող պատահական լինել: Ուրեմն, ո՞րն է պատճառը:
Սեդրակ Քոչարյանն իրեն վերագրվող մեղադրանքի առնչությամբ ասել է, որ դա Նիկոլին բնորոշ գործելակերպ է. «Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից: Իսկ հատուկ ուժգնությամբ` այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից` իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»:
Անձնական թշնամանքի վարկածը միգուցեև այս պատմության մեջ ինչ-որ տեղ ունի, սակայն այն դժվար թե հիմնական պատճառը լիներ: Ի վերջո, նախկին նախագահին կալանավորելը ու հիմա էլ` ընտանիքին անցնելը վտանգավոր է այնքանով, որ ոչ միայն ներքին, այլ նաև` արտաքին հարթակներում է բազում տհաճ հարցերի տեղիք տալու: Հանուն անձնական «սևեռման» գնալ նման բարդությունների, արկածախնդրություն կլիներ:
Մինչ վերջերս հայաստանյան իշխանություններն ամենաբարձր մակարդակներով էին խոսում միանգամայն կասկածելի «խաղաղության նախապատրաստվելու» ծրագրերից, և այդ պարագայում` ինքնապաշտպանության կազմակերպմանն ունակ ուժերի չեզոքացումը կարող էր «խաղաղության նախապատրաստվելուն» խանգարել: Սակայն վերջին երկու-երեք շաբաթներին Փաշինյանն այլ բաներից է խոսում`«հող` խախաղության դիմաց» բանաձևին կտրուկ դեմ: Այս իրավիճակում տրամաբանական կլիներ նաև ինքնապաշտպանության կազմակերպմանն ունակ անձանց, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ ճնշիչ մեխանիզմների գոնե թուլացումը: Բայց չէ, հակառակն է: Այսինքն, պետք է այլ պատճառներ ևս փնտրել:
Հարցի մոտենանք նաև այս կողմից․ Այն, որ Փաշինյանի վարչակարգը դատապարտված է տապալման, անվիճելի է համարում ցանկացած լուրջ փորձագետ: Նախ, ներքին դժգոհությունը սկսում է կուլմինացիային մոտենալ, ինչը ցույց տվեց կիրակի 24 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի բավականին լուրջ պարտությունը:
Գնալով վատթարացող տնտեսական իրողությունները ևս աչքի առաջ էլ ավելի է ակտիվացնում Փաշինյանի վարկանիշի անկումը: Արդյունքում, այս օրերին շատերն են տալիս այս հարցը` իսկ դեպի ո՞ւր կշրջվի հանրային համակրանքը, երբ այն վերջնականապես կլքի Փաշինյանին:
Այն, որ ներքաղաքական հարթակում Քոչարյանը սկսել է վերածվել վարչակազմի համար վտանգավոր մրցակցի, գնալով ակնհայտ է դառնում: Եվ այդ վտանգը սրվում է, հաշվի առնելով նաև այս գործոնները: Մարտի 1-ի գործը հիմնովին տապալվում է: Գործը թեև ուղարկել են դատարան, սական 10 զոհվածների հարցում և ոչ մի բացահայտում: Դա միայն ցույց տվեց, որ շատ ուզելով հանդերձ, այդպես էլ 10 զոհերի արյունը չկարողացան երկրորդ նախագահի վրա «սաղացնել»: Իսկ այդ դեպքում տարիների հակաքարոզը ևս կտապալվի: Առավել ևս, որ բաց է մնում 10 զոհերի համար պատասխանատվության հարցը, և դժվար չէ կռահել, թե հանրային մեղադրանքների սլաքն ուր կարող է ուղղվել:
Վերջապես, ներկա տնտեսական տապալումները սկսել են նոստալգիկ հուշեր արթնացնել Քոչարյանի կառավարման ժամանակների շուրջ: Եվ այլն, այս ցանկը կարելի է շարունակել:
Այսպիսով, մեծ հարց է` կլինե՞ր Քոչարյանին ուղղված «ընտանեկան վենդետտան», եթե նա չհայտարարեր քաղաքականություն վերադառնալու մասին: Ի վերջո, չմոռանանք` Հայաստանի արևմտականացման ուղղությամբ հսկայական փողեր են ծախսել, և երբ Քոչարյանը դառնում է այսքան վտանգավոր գործոն` այդ բոլոր ծրագրերի համար, ապա շարունակական այս ճնշումների հարցում այլ բացատրություն փնտրելն իմաստ էլ չունի:
Սարգիս Աբրամյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը