Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք խախտումներ են իրականացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:
«Խախտումներ կան, շատ են խախտումները: Եկեք բերեմ վերջին օրինակներից մեկը, երբ դատավորն առանց պաշտպաններին ձայն տալու որոշում է կայացնում: Դատավորը պաշտպաններին խոսելու հնարավորություն չի տալիս: Սրանից այն կողմ էլ ի՞նչ ենք ուզում»,- ասել է Կյուրեղյանը:
Ըստ նրա՝ եվրախորհրդի սահմանումները քաղբանտարկյալի մասին վկայում են առ այն, որ Ռ. Քոչարյանը քաղբանտարկյալ է: «Իշխանության գործողություններն ու հայտարարությունները հակասում են իրար: Պնդում են, որ դատարանների վրա ճնշում չեն գործադրում, բայց դատարաններ են շրջափակում: Մի բան ասում են, մեկ ուրիշ բան՝ անում»,- մանրամասնել է Արմենուհի Կյուրեղյանը:
Հարցին՝ արդյոք 1 տարվա ընթացքում տեղի ունեցածն ազդե՞ց Հայաստանի և Արցախի միջազգային հեղինակության վրա, ՀՅԴ-ականը պատասխանել է. «Հայաստանը պետք է Արցախի հարցը ճանաչի իր առաջնային հարցերից մեկը: Այնինչ, ՀՀ ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի մասին կարծիք հայտնելու իրավունք չունեն, քանի դեռ արցախցիներից մանդատ չեն ստացել: Այսպիսով` իշխանությունն ուզում է իրեն ազատել պատասխանատվությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը