29 10 2019

Ինչ են խոսում Հայաստանում անաղմուկ․ Մարինե Սուքիասյան

Ինչ են խոսում Հայաստանում անաղմուկ․ Մարինե Սուքիասյան

Կա եթերային աղմուկ, կա ֆեյսբուքյան աղմուկ, որով իշխանությունը փորձում է տարբեր գաղափարներ ու թեմաներ գեներացնել։ Նույնը անում են հակառակ ճամբարներից։

Սրան զուգահեռ՝ կա շատ ավելի օբյեկտիվ իրականություն. դրանք թեմաներն են, որոնք խոսվում են յուրաքանչյուր տանը, սրճարանում, աշխատասենյակում, ընկերական-բարեկամական միջավայրերում։ Սա շատ ավելի զանգվածային ժանր է, կարիք չունի կեղծ լայքերի ու ուռճացված դիտումների։ Դա իրական կյանքն է՝ իր չկեղծված օրակարգով։Առնվազն երեք թեմա այսօր կարելի է լսել ցանկացած միկրոմիջավայրում։ Թեմաներն, իհարկե, շատ են, բայց կան մի քանիսը, որոնք կրում են համաճարակի բնույթ. դրանք ամենուր են, և ամեն օր նորանոր խմբեր ու սոցիալական շերտեր են ընդգրկվում դրա մեջ.

1. Ո՞ւր են գնում օլիգարխներից ու նախկին կոռումպացված մի խումբ պաշտոնյաներից վերցվող գումարները։ Միշտ ուռճացման հակում ունեցող այս թեման վերցված կամ ժողովրդական լեզվով ասած «բարիշած» գումարների չափը հասցնում է աստղաբաշխական թվերի, որոնք ենթադրաբար իրականությանը չեն համապատասխանում, բայց հարցի շեշտադրումը դրանից չի փոխվում. ո՞ւր են գնում գումարները։ Բյուջեում դրանք չեն արտացոլվում։ Կամ բոլոր օլիգարխներն ու պաշտոնյաները հրեշտակներ են եղել՝ չենք իմացել, կամ՝ նրանցից վերցված գումարները գնում են «Նոր Հրեշտակների» մոտ։

2. Հաջորդ թեման պատերազմի հնարավորություն է։ Եթե, ինչպես Բենդերն էր ասում, յուրաքանչյուր մարդու, նույնիսկ՝ կուսակցության անդամի վրա ազդում է 214 կգ մթնոլորտային սյունը, ապա մեր պարագայում պատերազմի վտանգը մտահոգում է բոլորին, նույնիսկ՝ պողոսներին։ Խաղաղ բանակցությունները մտել են փակուղի։ Այն, որ Փաշինյանի մի քանի չհաշվարկված հայտարարությունների և քայլերի պատճառով Ադրբեջանը դառնում է ավելի ագրեսիվ, իսկ միջնորդները չեն գտնում իրավիճակը հարթելու ճանապարհը, փաստ է։ Եվ այդ փաստը Հայաստանում ֆիքսում են բոլորը՝ անկախ ինտելեկտից։

3. Մեկ այլ թեմա նույնպես լսելի է ամեն քայլափոխի. Կառավարության գաղտնի որոշումով նախարարներին և փոխնախարարներին գերբարձր աշխատավարձեր տալը։ Այս թեման առկա է տաքսիստից մինչև ակադեմիկոս ինտերվալում։ Սա թողել է ծանր նստվածք, և ոչ մի բացատրություն չի մեղմում կատարված փաստը։ Վարչապետի և նրա խոսնակի՝ մեկ օրվա տարբերությամբ իրար հակասող բացատրություններն ավելի խորացրին անջրպետը։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում։ Մարդիկ իրենց խաբված են զգում։

Սրանք ենք այն հիմնական թեմաները, որոնք այսօր առկա են յուրաքանչյուրի տանը, նրա շրջապատում։ Ու սրանից փախչել հնարավոր չէ։ Ցանկը, իհարկե, կարելի է մեծացնել, ու կլինեն այլ, շատ հետաքրքիր հարցեր։ Բայց այս երեքն են այսօր համակարգաստեղծ թեմաները, որոնք առաջիկայում ձևավորելու են հանրային տրամադրությունները։ Այսօր այս թեմաները քննարկվում են անաղմուկ՝ շառից-փորձանքից հեռու։ Բայց հարյուր հազարավորների անաղմուկ քննարկումները, մտորումները մի որոշ ժամանակ հետո դառնում են զանգվածային տրամադրություն։ Միշտ այդպես է. հարցրեք նախորդ իշխանություններին՝ կհաստատեն։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ