ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայկ Մարությանի երեկվա ուղիղ եթերին: Նա, մասնավորապես նշել է, որ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսևորումն էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար նա հղում էր տալիս 2017 թվականի նախագծման թույլտվությանը, մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության 11-րդ հարկի կառուցումից հետո և շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված հնարավոր է փոփոխել հարկայնությունը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայկ Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․
Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է ՇԻՆ.թույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ Այսօր բացում եմ փակագծերը և ներկայացնում այդ փաստաթղթերը։ Խոսքը վերաբերում է Տերյան 5 հասցեում գտնվող բազմահարկ շինությանը, որի կառուցապատումը իրականացվել է փուլային կերպով։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար (1-ին և 2-րդ նկարներում տեսնում եք այդ ՇԻՆ․թույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։
Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար! (3-րդ և 4-րդ նկարներում տեսնում եք Մարությանի կողմից տրված ՇԻՆ․թույլտվությունը 16 հարկ կառուցելու համար)։ Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ Իսկ թե էլ ինչե՞ր են արել Մարությանի համար Խաչատրյանների ընտանիքը կպարզի մեր հետագա քննությունը:
Երեկվա Հայկ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսևորումն էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար նա հղում էր տալիս 2017 թվականի ՆԱԽԱԳԾՄԱՆ թույլտվությանը, մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության 11-րդ հարկի կառուցումից հետո և շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված հնարավոր է փոփոխել հարկայնությունը։
Փաստորեն Մարությանի և Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության գործարքը փոխեց Մարությանի ընկալումները մայրաքաղաքի սրտում շենքի կառուցման վերաբերյալ և նա նոյեմբերի 22-ին տվեց Խաչատրյանների կողմից այդքան սպասված շինարարության թույլտվությունը։
Հ.Գ. նկարներում կարող եք տեսնել Հայկ Մարությանին Խաչատրյանների ընտանիքի շրջապատում:»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը