Արմեն Թավադյանի ուղերձը կալանավայրից
Հարգելի գաղափարակիցներ, արդարության մարտիկներ,դիմում եմ ձեզ անազատության զնդանից, որտեղ հայտնվել եմ արդեն տխուր ավանդույթ դարձած պետական գործելաոճի հետևանքով, այն է՝ ամեն կերպ լռեցնել, ճնշել այլախոհությունը, հասարակությունից մեկուսացնել յուրաքանչյուր մեկին, ով օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ քննադատում է գործող իշխանությանը:
Երբեք չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ չեմ կիսում <<հեղափոխության>> կեղծ կարգախոսները, բերած դատարկ արժեհամակարգը և աչք ծակող պոպուլիզմը: Լինելով հեռուստաալիքի սեփականատեր՝ մշտապես արել եմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանում լինի և գործի այլակարծության հարթակ, որպեսզի երկրում զարգանան ժողովրդավարությունն ու ազատ խոսքը:
Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին ինձ աջակցողներին՝ գոտեպնդող բառերի և ամուր դիրքորոշման համար, միաժամանակ Ամանորի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում կամք, առողջություն և նորանոր հաջողություններ: Չեմ կասկածում, որ առանց կոտրվելու կանգնելու եք մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Հայաստանում և Արցախում կհաստատվի կայուն և արդարացի համակարգ:
Շնորհավորում եմ իմ ընկերոջը՝ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, ով արդեն երկրորդ Նոր տարին է դիմավորում անազատության մեջ: Ես հպարտ եմ նրա ընկերը լինելու համար, քանի որ կյանքիս ընթացքում ինձ հանդիպած եզակի պետականամետ և հայրենանվեր անձանցից է, եթե ոչ ամենահայրենասերը՝ միշտ առաջնագծում, միշտ առաջնորդի առաքելությամբ: Նախագահ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին նոր՝ 2020 թվականին մաղթում եմ տոկոնություն և քաջառողջություն՝ հույս հայտնելով, որ այս փորձությունները լինելու են վերջինը, և սրանից հետո միայն խաղաղ ու հաղթական պահեր ենք ապրելու բոլորս միասին:
Այսպիսով, հարգելի ընկերներ, բոլորիդ ամենայն բարիք եմ ցանկանում և ասում՝ կտեսնվենք շատ շուտով: Մեր գործն արդար է, հաղթանակը մերն է լինելու:
Հարգանքով՝ Արմեն Թավադյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը