16 01 2020

Մի սելֆիի պատմություն․ 7or.am

Մի սելֆիի պատմություն․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի աշխատանքային գրաֆիկն անփոփոխ է։ Սելֆի, «տնտեսական թռիչքի» մասին գրառում, գրառման ջնջում, նոր գրառում, տեսանյութ՝ իր մասնակցությամբ, տեսանյութ՝ իր ողորմությամբ, բլթոց, սելֆի ...

Հետհեղափոխական սկզբնական փուլում գրաֆիկի մեջ մտնում էր նաև փողոցն ու հանրահավաքը, բայց փողոցն արդեն իր դեմ են փակում, իսկ հանրահավաքացու զանգված իր կողքն այլևս չի մնացել (Բրեգովիչին ամեն անգամ չես կանչի, ամեն օր Նոր տարի չես հայտարարի)։ Այնպես որ աշխատանքային գրաֆիկի մասով վերևի պարբերությունում նշվածն է։

Երեկ սելֆիի հերթն էր։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,–ֆեյսբուքյան էջում գրել էր երկրի թիվ մեկ սելֆիստը՝ քննիչի աշխատասենյակում արված լուսանկարին կից։

Փաշինյանը ժողովրդավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն է խաղում։ Ուզում է ասել, որ իր ղեկավարած թավշյա Հայաստանում անգամ պետության ղեկավարն է քննչական կանչվում, էլ ուր մնաց, թե վարչապետի հակառակորդները չկանչվեն։ Բայց սելֆին մատնում է խաղը։

Սելֆին հակահեղափոխականորեն ցույց է տալիս, թե ինչպիսի տիրական հայացք ու ներքին ժպիտ կա Փաշինյանի դեմքին և ինչպիսի հեզություն, հնազանդություն՝ քննիչի դեմքին։

Քննիչն անբնական ձևով նայում է համակարգչին այն պահին, երբ Նիկոլը չխկացնում է հեռախոսը։ Մինչդեռ քննիչի բնական ռեակցիան այն պիտի լիներ, որ զարմացած կամ գոնե զգաստացած նայեր վարչապետի հեռախոսի ուղղությամբ։ Բնական կլիներ նաև ժպտացող քննիչի դեմքը։ Բայց քննիչը չի ժպտում։ Նա աշխատանքային վիճակի մեջ է։ Երևի համակարգչի օգնությամբ նայում է, թե ով է հաջորդ հարցաքննվողը, որի անունը հնչեցրած կլինի... սելֆիամոլ և քննվող վարչապետը։

Քննիչը սելֆիում չի նայում հեռախոսի ուղղությամբ, քանզի հրահանգ է ստացել «քննվող» վարչապետից՝ հեռախոսի կողմը չնայել ու աշխատանքային դիրք ընդունել։

Քաղաքական հետապնդման տարրերն այստեղ ակնհայտ են։ Պարզ է, որ քննիչի սենյակից նման սելֆի անելուց առաջ Քննչական կոմիտեն վարչապետի քմահաճույքներին կից դուքյանի է վերածվել (դա «զռռում» էր նույնիսկ Քննչական կոմիտեի ղեկավարի «շոպլիկական» պահվածքից, երբ դիմավորում ու ճանապարհում էր «քննվող» վարչապետին)։ Իսկ դրանից հետո քմահաճույքների սելֆին պարտադիր պրոցեդուրա է։ Հատկապես որ հետագայում կարող է նման սելֆիի հնարավորություն չլինի, երբ որ Փաշինյանը հայտնվի նույն հիմնարկում, բայց արդեն այլ քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում։ Բայց քանի դեռ այդ կոնֆիգուրացիան չկա, կարելի է սելֆի անել ու զբաղեցնել պողոսներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ