22 04 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Թունյանի ու Մելքումյանի նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Թունյանի ու Մելքումյանի նախագծերը

Ազգային ժողովը ապրիլի 22-ի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրակարգում ընդգրկված երկու նախագծերը:

Երկու նախագծերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություններին:

Միքայել Մելքումյանի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:

Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծով էլ առաջարկվում է, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով:

Նախապես որոշված էր, որ երկու նախագծերն էլ պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում, սակայն Բաբկեն Թունյանը նշեց, որ իր նախագծի մասով 24-ամյա ռեժիմի առաջարկը հետ է վերցնում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգմավորներին տեղեկացրեց, որ մոտավորապես ժամը 17.30-ի սահմաններում նորից կհավաքվեն՝ քննարկելու Մելքումյանի ներկայացրած նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ