Politik.am-ը գրում է. Խորհրդարանն ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։
Տնտեսական տապալման եզրին կանգնած Փաշինյանի թիմին օդի ու ջրի պես անհրաժեշտ է այս օրենքի կյանքի կոչումը։ Այն հնարավորություն կտա առանց դատարանի ֆինանսական և նյութական միջոցներ բռնագանձել տարբեր անհատներից, որը կլցնի պետական գանձարանը ու կերկարաձգի Փաշինյանի իշխանությունը։
Որքան էլ զարմանալի է, նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը։ Նախագահի աշխատակազմից լրատվամիջոցներից մեկին փոխանցել են, որ օրենքների փաթեթի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանը իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Եվ սա այն դեպքում, որ Արմեն Սարգսյանը կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները ամենասեղմ ժամկետներում էր ստորագրում։
Քաղաքական որոշ շրջանակներ վստահ են, որ նախագահ Արմեն Սարգսյանը հասկանալով օրինագծի կարևորությունը գործադիր իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձում է գործարքի գնալ վերջինիս հետ։
Մամուլում հրապարակվել են բազմաթիվ փաստեր, ըստ որոնց Արմեն Սարգսյանը փայաբաժին ունի «Լիդիան Արմենիա» ընկերությունում, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքը։ Հիմա, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Արմեն Սարգսյանը փորձում է համաձայնության գալ Նիկոլ Փաշինայնի հետ, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի բացվեն Ամուլսար տանող ճանապարհները ու հանքը շահագործվի։ Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է հանքի ճանապարհները փակ են պահում բնապահպան ակտիվիստները։
Եթե Փաշինյանն ու Սարգսյանը համաձայնության գան, ապա առանց որևէ խնդրի նախագահը կստորագրի օրինագիծը, որն ինչպես արդեն նկատել էինք, հնարավորություն է տալու կառավարությանը ֆինանսական միջոցներ ներգրավել տնտեսություն ու խուսափել տապալումից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը