Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, իբր, Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառել Ռուսաստանի Դաշնությունում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին վերաբերող հարցին, ըստ որի, նա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանել։
«Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ն ապօրինություն թույլ չի տվել: Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Այդ հարցով այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - ասաց վարչապետը։
Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը:
«Կնոջս եղբորը վերաբերող դրվագին ես տեղյակ եմ, Հրաչյան դատական հայց է ներկայացրել։ Ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք ու անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հնարավարություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել. «Որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են։ Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային հայտարարություններից։ Դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը