05 06 2020

Լուծում ենք մի հարց․ արդյո՞ք 20 տարի հետո ՀՀ-ն գոյություն է ունենալու որպես ինքնիշխան պետություն․ վարչապետ



«Խնդիրներ ունենք եւ ունենալու ենք նաեւ համաճարակային առումով, բայց խորհուրդ կտայի չշտապել հետեւություն անել, թե ինչպիսին կլինի 2020-ը։Կորոնավիրուսի ժամանակաշրջանը նոր է սկսվել, հայտնի չէ, թե ինչքան կտեւի, արդյունքներն ու կորուստներն ամփոփելը վաղ է։ Այս օրերին Հայաստանում խորը վերագնահատման գործընթաց է տեղի ունենում, այն կապված է պետական կարգի ու անհատի փոխհարաբերությունների հետ։ Կորոնավիրուսի արդյունքում պետք է վերագնահատենք այդ հարաբերությունները», - ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում՝ հեռավար ելույթի ժամանակ2019թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների շրջանակում ասաց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը խոսել է նաեւ բյուջեի «քաղաքական ու քաղաքացիական կոնտեքստի» մասին։

«Ժողովրդի հին ընկալումը հետեւյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, թալանեն։ Նորը պետք է լինի հետեւյալը՝ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձեւավորում ենք միասին, ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Վարչապետը նշել է, որ թեեւ 2019 թվականը գնահատում է պատմական, կոնկրետ թվային ցուցանիշների վրա հիմնված, բայց չի հավաքագրվել կամ բյուջե չի մուտքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն եւ իրականում գոյություն ունի։

«Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի։ Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր մինչեւ 400 մլրդ դրամով ավելի լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ այժմ բարեփոխումների ամենալավ շրջանն է, որովհետեւ տնտեսական եւ մյուս առումներով կորցնելու ոչինչ չկա։

«2019-ին զգույշ էինք, կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, դինամիկա ցույց տալու վրա, բայց հիմա այն վիճակում ենք, որ այսօրը կորսված է եւ պետք է մտածենք վաղվա մասին։ Մեր՝ պետականություն ունենալու կամքի արտահայտությունը պետք է դառնա բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որ կառավարությունն այսօր ձեռնարկում է։ Խոսքը, մասնավորապես, գույքահարկի համակարգի փոփոխության, եկամտահարկի փոփոխության, կանխիկ շրջանառության կրճատման մասին է։ Հարկային համակարգերի փոփոխություններով մենք լուծում ենք այս հարցը՝ արդյո՞ք 20 տարի հետո Հայաստանը գոյություն է ունենալու որպես ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն։ Մենք լուծում ենք քաղաքական եւ փիլիսոփայական հարց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ