30 07 2020

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական թեզերը

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական թեզերը

Ստորև ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հատվածներ, որոնք հիմնական շեշտադրումներն են անդրադարձած տարբեր թեմաներով։ 

 

Սահմանային բախումներ Իջևանում և արցախյան հիմնահարց

Ընդհանրապես, զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի։ Սա տևելու է շատ և շատ երկար, և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք և հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար անհրաժեշտ է առաջնային գծում միշտ մտածել դիրքերը բարելավելու և ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին երկու տարիներին։

Բանակի առջև միշտ խնդիր էր դրված բարելավել դիրքերը։ Ես ամեն տարի այցելում էի առաջին գիծ, և կազմում էինք տարեկան ծրագիր այն աշխատանքների, որ պետք է արվեր առաջնագծում։ Ամեն տարի մենք լուրջ միջոցներ էինք դնում դիրքերը բարելավելու համար 

Բանակի ղեկավարությունը գիտեր, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հատվածում եթե ունեն հնարավորություն դիրքերը ամրացնելու, դա իրենց սուրբ պարտականությունն է, որ պետք է անեն անգամ առանց հարցնելու, սա է եղել մոտեցումը։

Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության։ Հատկապես Դուշանբեից հետո հանրությանը կերակրում էին, որ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, ու եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման, կխոսենք ժողովրդի հետ։ Հիմա մի բան մնա՞ց այս երկու տարում որդեգրած մոտեցումից։

Նույնիսկ պատերազմի ժամանակ՝ 1991-94թթ․, Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում ասպիսի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև երբեք չեն եղել։ Պետք է Ֆիքսենք շատ կարևոր փաստ՝ Ադրբեջանում կա ոչ միայն ռևանշի ձգտող իշխանություն, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ, ու երբ այս երկուսը միանում են իրար, պատերազմի վերսկսման վտանգը շատ է մեծանում։

Կառավարությունը պետք է խոստովանի, որ այս երկու տարում սխալ քաղաքականություն է վարել Ղարաբաղի հարցի շուրջ։ Եվ պետք է ընդունի, որ ունենք պատերազմի վերսկսման առումով ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ։

Տարածաշրջանային հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունն ընդգծել, ուժեղացնել։ Սա աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է։

Թուրքիայի ամբիցիաները այսօր և 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից։ Սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Սա մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույց են անում ռուսական դեսպանատան դիմաց, և իրենց թիրախը ռուսական ռազմակայանն է Հայաստանում։ Այդ մարդիկ պետք է հասկանան, թե ինչ կարող էր լինել, եթե Ռուսաստանը ներկա չլիներ Հայաստանում ռազմաբազայով։

Զորավարժությունները Նախիջևանում ուժի ցուցադրում է, և զգուշացում, որ կարող է լինել նաև այսպիսի զարգացում։ Չեմ կարծում, որ այն վերածվի ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ասում են, որ սա հնարավոր սցենար է, այո, այդպես է։

88 թվականից մենք դիտում էինք, որ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա խնդրի լուծումն է բանաձևը։ Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը փորձել է հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է։ Այս Սկզբունքի շրջանակներում հարցը մեզ համար բարենպաստ լուծում չունի։

Տպավորությունս այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ, թե այսօրվա Հայաստանի իշխանությունը հարցի կարգավորումն ինչ սկզբունքների հիման վրա է տեսնում։ Ես չեմ հասկանում ինչ է նշանակում «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հասկանում եմ, որ տվյալ դեպքում ալեգորիկ նշանակություն ունի ձևակերպումը Հայաստանի իշխանության համար, բայց փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։ Բայց երբ սրա հետ զուգահեռ ասում է, որ պետք է լուծում, որը կբավարարի կոնֆլիկտի երեք կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը այն լուծման տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Ես չեմ գտնում՝ այդ երկու բանաձևը որտեղ են հատվում, և պրոբլեմը սրա մեջ է։ Ես 88 թվից ի վեր չեմ լսել որևէ ադրբեջանցու խոսք, որ կողմ է Ղարաբաղի ինքնորոշմանը։

Պատահական չէ, որ վերակենդանացվեց Ադրբեջանի համայնքի ներկայացուցչի հարցը այսօր և իմ կարծիքով, պատահական չէ, որ Հայաստանի նոր անվտանգության ռազմավարության մեջ չկա ԼՂՀ և ԼՂՀ ժողովուրդ բառերը։ Այլ կա ազգաբնակչություն կամ բնակչություն։ Մի գուցե պատահականություն է, բայց մտահոգիչ պատահականություն է։

Ինձ անհանգստացնում է այն ամենը, ինչը տրամաբանված չէ, որովհետև չտրամաբանված երևույթների մեջ դու տեսնում ես կամ վտանգավոր միտումնավորություն կամ հարցի կարգավորման էության չհասկացվածություն։

Ուղղակի պետք է կարդալ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, և բանակցային գործընթացում բոլոր քայլերը պետք է բխեն այդ հռչակագրից։ Որովհետև Ղարաբաղի Հանրապետության ձևավորման հիմքերն անխոցելի են։

Երբ մտավարժանքների արդյունքում փորձում ես օրիգինալ բաներ ասել, որոնք հարցի էության հետ որևէ աղերս չունեն, հետևնքները լավ չեն լինում։ Վերադառնանք հռչակագրին և մեր քայլերը բխեցնենք հռչակագրից, այդ դեպքում երբեք խնդիրներ չենք ունենա, ինքներս իրար չենք հակասելու և չենք հակասելու նախկին քայլերին։

Չեմ կարծում, որ հնարավոր է հետ բերել բանակցային դիրքերն առանց կորուստների, նկատի ունեմ նաև ժամանակային կորուստը, բայց հնարավոր է հետդարձը։

Իմ տպավորությամբ, այսօր իշխանությունը սկսել է հասկանալ ինչ-որ բաներ, հասկանալ, որ ինչ-որ բան էն չեն անում։ Միգուցե կարճատև սթափեցնող հանգամանք էր, բայց սպասենք և տեսնենք։

Ենթարկվել որևէ շանտաժի, ուղղակի չի կարելի։ Պետք է սկզբունքայնություն դրսևորվի, նույնիսկ ռիսկեր ունենալու պարագայում։ Չեն ուզում բանակցել, ուրեմն չեն բանակցում։ Երբ կհասունանա պահը, որ կհասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, բանակցությունները կվերականգնվեն։ Կապրիզներին չպետք է գերի դառնալ երբեք։

 

Ազգային անվտանգության ռազմավարություն

Ազգային անվտանգության ռազմավարությանը կարելի էր կպցնել նաև վարչապետի «լայվերի» տեսագրությունը և ասել, որ սրանք ռազմավարության մաս են կազմում։ Չեմ հասկանում մատուցման այդ ձևը։

Ամեն ինչ իշխանություններն ուզում են զրոյական կետից սկսել, բայց գրեթե բոլոր հարցերում վերադառնում են այն կետին, որից ընդունել են իշխանությունը։ Օրիգինալ լինելու ցանկությունը այսպիսի լուրջ հարցերում տեղին չէ և լավ տեղ չի տանում։ Անպայման ունենալ զրոյական կետ և փորձել նոր էջ բացել, լավ բանի չի բերելու։

 

Արտաքին քաղաքականություն

Չեմ կարծում, որ կա որևէ բնութագրիչ՝ տարերային, իրավիճակային, կապված կոնկրետ մարդու տրամադրության հետ, միգուցե՝ կախված եղանակից․․․ Ինձ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը։

Չեմ կարծում, թե կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ պրոցեսները, որ աշխարհում գնում են։ Ակնհայտ է, որ այսօր ձևավորվում է բազմաբևեռ աշխարհ, որտեղ էապես աճում է տարածաշրջանային հզոր երկրների դերակատարումն այս տարածաշրջանում։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում էական մրցակցություն է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ 

Այսօր աշխարհում «սորոսիզացիայի» տրենդը փոխարինվել է ազգային արժեքների համար պայքարի տրենդով։ Մարդիկ համարում են, որ քաղաքակրթական և մշակութային բազմազանությունն այս մոլորակի ուժն է, և դրա համար պետք է պայքարել։ Ազգային յուրաքահատկությունը չես կարող հանել ազգից։ Այդ պայքարի առաջատարներն են Ռուսաստանը և Չինաստանը։ 

Իշխանության մեծ մասը եկել են այն ՀԿ-ներից, որ ձևավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեկից և այդ քաղաքականությունն են վարում, և ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորը փախչում են։ Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրություններից տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավում են իրենց դիրքերը։

Ազգերի փոխարեն կարծես ինչ-որ սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց էր։

  

Կորոնավիրուսի դեմ պայքար

Հայաստանն ունի 4 սահման, երկուսը փակ են, Իրանի հետ ունենք մեկ անցակետ, Վրաստանում էլ կորոնավիրուս գրեթե չկար։ Որտեղի՞ց հայտնվեց այս ամենը Հայաստանում։ Համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր երկիրը փակել և խուսափել այս վիճակից․ դա էլ չեղավ։ Միակ երկիրը, որ մեր մասնակի շրջափակումը առավելություն կարող էր դառնալ, չաշխատեց։

Համեմատում ես թվերը այն երկրների հետ, որոնք կորոնավիրուսի դեմ ոչինչ չես արել, օրինակ՝ Բելառուսի հետ․ մեզ մոտ ավելի վատ է։ Ինչո՞ւ է մեր երկրում շատ ավելի վատ, քան մի երկրում, որտեղ ոչինչ չի արվել։

Իրավիճակի գնահատումը հենց սկզբից սխալ էր, նախապատրաստական աշխատանք գրեթե չի արվել։ Իրար հակասող որոշումներ ու քայլեր՝ պաշտոնյաների կողմից, սխալ մեսիջներ՝ հանրությանը, դիմակ կրե՞լ, թե՞ չկրել։

Ամենից անընդունելին ինձ համար փորձն է մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ։ Որոշ մարդկանց մոտ կոմպլեքս է նկատվում, թե՝ դե մենք ենք մեղավոր, չենք լսում կառավարությանը։   

Կորոնավիրուսի տարածվածության պատճառը մեկն է՝ կառավարության ձեռնարկած քայլերը և կառավարման արդյունավետությունը։ Ուրիշ բացատրություն չկա։

Պետք չէ ժողովրդին անընդհատ ասել՝ դու ես մեղավոր, դու ես մեղավոր։

Երկու ամսում Հայաստանում ավելի շատ մարդ է տուգանվել, քան իմ կառավարման 10 տարում։

Բայց խոսք էին տալիս էն գլխից, թե՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք։ Մի սիրիր, բայց ճիշտ կառավարիր, որ 900 հոգի չմեռնի։ Կամ եթե սիրում ես, մի խոսա դրա մասին, ճի՛շտ կառավարիր։

Հիմա թող էդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել այս կառավարությանը։ Թող իրենք մտածեն։ Կառավարությանը, որն ասում է՝ դու ես մեղավոր, որ 900 հոգի մահացել է։ Սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ։

Վաղը տնտեսական անհաջողությունների մեղքն են բարդելու սեփական ժողովրդի վրա, սա ոճ է։ Էլի հանկարծ պատերազմ լինի կամ խնդրահարույց բան յուրաքանչյուր ոլորտում, պարզ է, թե ով է մեղավոր՝ մեր սիրած ժողովուրդը, որովհետև անկազմակերպ ենք։

Մենք ամենակազմակերպված ազգն ենք Հարավային Կովկասում։

Սա տանելու է դեպրեսիվ հասարակության՝ հուսահատ, ապագայի նկատմամբ թերահավատ հասարակության։ Սա ազդելու է ամեն ինչի վրա։ Պեսիմիզվով լցված հասարակությունը չի կարող ստեղծագործող լինել, չի կարող լուրջ արդյունավետություն տալ։

  

Տնտեսության մասին

Իմ տպավորությունն այնպիսինն է, որ եթե չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը, մենք 2018 թվականը կփակեինք երկնիշ տնտեսական աճով։ Արդեն երևում էր, որ երկիրը մտնում է տնտեսական փուլի մեջ, որ կլիներ նման աճ։ Բայց սա կանգնեց։ Առաջին հերթին, իմ կարծիքով, կառավարման խնդիր է, տնտեսական թիրախները ճիշտ ընտրելու։

Տնտեսական խնդիրների մի զգալի մասն արհեստածին են, կառավարության քաղաքականության արդյունք։ 

120 միլիոն դոլարի պարգևավճարը՝ օրենքով չնախատեսված, ուղղակի թևերը քշտելով և բյուջեի մեջ մտնելով, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Ակնհայտ բյուջեից գողություն է։ Հիմա կոռուպցիա կա՞, թե՞ չկա։

Երկու ամսում ավելի շատ մարդ է տուգանվում, քան 10 տարում, տուգանքները դարձել են պատուհաս։ Դիմակ չկրելու համար պետք է սիրված քաղաքացուն տապալեք ասֆալտին, ձեռնաշղթաներով տանե՞ք։ Ի՞նչ ձև է։ Հիմա թող էդ մարդը մտածի, եթե համարում է, որ արժանի է դրան, չի բարձրաձայնում այդ մասին, ուրեմն պետք է օրեկան տուգանեն։

Բիզնեսի ճյուղեր կան, որոնց այսօր պարզապես պետք է փրկել։

Այն, ինչ կապված է տուրիզմի հետ, պետական աջակցության լուրջ կարիք ունի։ Դրանց ուղղությամբ ոչինչ չի արվում։

Կառավարության առաջարկած ծրագրերը չափազանց անբավարար են։

Իմ տպավորությամբ՝ պանդեմիան այսպիսի ազդեցություն պետք է չունենար մեր տնտեսության վրա։ Եվ երկրորդը՝ կառավարության աջակցությունը համարժեք չէ տնտեսության ստացած հարվածին։ 

Միանշանակ է, որ լավ չի լինելու, բայց վատ լինելու խորության մասին է խոսքը։ Այս ամենի մեջ էական է կառավարության արդյունավետությունը։ Ոչ արդյունք ես տվել, ոչ էլ մի բանի ես հասել։ Սա այս կառավարության կառավարման հմտությունների բացակայության մասին է խոսքը։ Եվ պետք է ընդունեն իրենց սխալը։

Եթե սխալը չես ընդունում, ուրեմն երբեք չես սովորելու քո սխալների վրա։ Տպավորություն է, որ այս մարդիկ երբևիցե իրենց սխալը չեն ընդունելու։ Սա կոմպլեքսներից է գալիս։ Միայն ներքին ուժեղ մարդը կարող է ընդունել, որ այս հարցում սխալվել եմ, բայց հետևություն եմ արել, փորձ եմ ձեռք բերել։ Ընդ որում, քո սխալների վրա սովորելն ավելի արդյունավետ է։

  

Ներքաղաքական զարգացումների մասին

Տնտեսական անկումը 5-10 տոկոսով ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ։ Իսկ եթե կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ և որևէ մեկը չի կատարել, դա քաղաքական ֆորսմաժո՞ր է, թե՝ ոչ։

Իսկ այս կառավարությունը ի՞նչ է արել երկրի համար, ի՞նչ է արել մեզ համար՝ ժողովրդի համար։

Թռիչքաձև տնտեսական աճը ո՞ւր է։ Երկրի տնտեսության կառուցվածքի փոփոխության խոստումը եղել է հիմնաքարերից մեկը։ Հիմա նայեք տնտեսության կառուցվածքը։

Այսպիսի ինտենսիվությամբ Հայաստանի ընդերքը երբեք չի շահագործվել, թեև մեզ խոստացել են ճիշտ հակառակը՝ ավելի գիտատար, բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտները պետք է զարգանան։ Ի՞նչ ունենք։ Ունենք անխնա ընդերքի շահագործում։

Հիմնական թեզերից մեկը ներառական տնտեսական աճն էր, մենաշնորհներից էին խոսում, մենաշնորհներն ավելացել են։

Փոքր և միջին բիզնեսն այսօր ազատ անկման մեջ է, համատարած փակվում են։

Ուղղակի կոռուպցիայի ձևն է փոխվել, պարզվել է, որ պետք չէ բյուջեից գողանալու համար բարդ սխեմաներ մտածել, կարելի է ուղղակի շատ հանգիստ, պարգևավճարի ձևով բյուջեն մսխել։

Ասում են, որ ինչ-որ 100 մլն դոլար ենք հետ բերել․ կարդում եմ բյուջեն, այն տողը, որ պետք է դա երևար, ուղղակի չկա, մի քանի միլիարդ դրամ է։ Միգուցե հետ են բերել, բայց՝ ոչ բյուջե։ Ո՞ւր են հետ բերել, չգիտեմ։

Նայեք՝ հարազատներ, խնամիներ, քավոր-սանիկներ, ինչպիսի՞ կապեր կան այսօր խորհրդարանում, գործադիր իշխանության շրջանակներում։ Ամեն քայլափոխի վրա է։

Պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացվել է․ և այդ համակարգն էր թայֆայության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։

Երբ էական փոփոխություն չկա երկրում, խոստումները չեն կատարվում, քաղաքական տեսանկյունից ֆորսմաժո՞ր է, թե՝ ոչ տվյալ քաղաքական ուժի համար։

Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել և շատ արագ զարգացում ստանալ։ Խնդիրն այն է, թե այս ամենը ինչպես կփոխվի, ինչպես կվարվի ընդդիմությունը, կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, կկարողանա՞ համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել այս ընթացքում։

Կառավարությունը և իշխող ուժը չի հասկացել, որ ինքը շատ լուրջ և ուժեղ ընդդիմության կարիք ունի և ինչքան իրենք թուլացնեն ընդդիմությունը, այնքան լինելու են ոչ արդյունավետ։

Մարդկանց տուգանելու, թեկուզ մեկ հոգով ցույց անելու արգելքները գալիս են նրանից, որ իշխանությունը զգում է՝ իրավիճակը վատանում է և փորձում է էն գլխից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն։

Չի երևում, որ սա համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է։

Իրենք սկսել են 10-11 հոգով քայլելուց, իրենք մտածում են, որ թեկուզ մեկ մարդ պաստառով քաղաքական պահանջով, վաղը կարող է դառնալ 100 հազար։ Մոտիվացիան սա է՝ թույլ չտալ քաղաքական զարգացում, որը կարող է լայնածավալ մասշտաբներ ունենալ։ Ուրիշ պատճառ ես այս ամենում չեմ տեսնում։

Ես համարել եմ, որ իմ առաքելությունը կատարել եմ, չեմ փորձել ամեն մի հոդվածի պատասխանել, գրասենյակի միջոցով փորձել ենք պատասխանել, բայց հասկացանք, որ ինտերնետի դարում սրանով պետք է զբաղվել ամեն օր կամ ավելի լավ է ընդհանրապես չզբաղվել։ Որովհետև չափազանց ժամանակատար և ռեսուրսատար աշխատանք է պահանջում։

Հարցը քրեական հետապնդումը չէ, հարցը երկրում վարվող քաղաքականությունն է, որը վտանգում է երկրի գոյությունն ընդհանրապես և Արցախի գոյությունը։ Այս քաղաքականության պարագայում չլիներ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։ Ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես իմ կենսագրությունն ունեցող նախագահը, պետք է անտարբեր մնար, չարձագանքեր կամ չփորձեր ինչ-որ բան փոխել։

Օրակարգի վերաբերյալ արդեն կայացել է կոնսենսուս մինուս մեկը։ Բոլորը հասկանում են և ընդունում, որ իշխանությունը պետք է փոխվի։ Բոլորը հասկանում են, որ իշխանություններն իրենց կամքով չեն գնալու, և իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային զանգվածային ճնշումների արդյունքում կարող է լինել։ Օրակարգը ձևավորված է, ուղղակի պետք է լուրջ կազմակերպվածությամբ իրականացնել գործը։ Սա ինքնանպատակ չպետք է լինի, պետք է սա անել երկրի համար։

Եթե կառավարությունը չփորձի փոխել գործելաոճը, լուրջ խնդիրներ է ունենալու։

Երկու տարում տեսել ենք, թե ուր են հասցրել երկիրը, հիմա սպասել ևս երեք տարի՞։ Դա չի նշանակում, որ անպայման լինելու է արտահերթ իշխանափոխություն։ Ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից՝ իշխանության գործելաոճից և արդյունավետությունից, և ընդդիմության գործելաոճից և արդյունավետությունից՝ ընդդիմադիր դաշտում աշխատելու։ Իմ տպավորությամբ։ Այսօր բոլոր հնարավոր սցենարները սեղանի վրա են։ 

Մեր ժողովուրդը սովորել է, որ նույնիսկ կարող է փողոց փակելով իշխանություն փոխել։ Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ ժողովուրդը տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող որոշել և նույն ճանապարհով ևս մեկ անգամ իշխանափոխություն անել։ Ինչո՞ւ եք բացառում դա։ Ոչ ոք չգիտի՝ դա լինելո՞ւ է, թե՝ ոչ, բայց այսօր քաղաքական սեղանի վրա դրված է ամբողջ սպեկտրը՝ հանրային բողոքներ, ճնշումներ փողոց փակելով, ինչպես որ մեկ անգամ եղել է։

Հայաստանում աճող թրենդի վրա իշխանափոխություն տեղի ունեցավ։ Հիմա անկումների, այս ձախողումների պարագայում ինչո՞ւ եք բացառում իշխանափոխությունը։ Ավելի մեծ է հնարավորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ