19 07 2021

Ասֆալտոմանիա. Լիա Իվանյան. panorama.am

Ասֆալտոմանիա. Լիա Իվանյան. panorama.am

Լիա Իվանյանը  panorama.am-ում գրում է.

 

 

 «Որ կողմից ուզում ես նայիր՝ այս իշխանությունների ենթագիտակցության շերտերում ամեն ինչ փոխկապակցված է փողոցի հետ։ Փողոցով եկան, և ինչպես երևում է պայքարի քաղաքակիրթ միջոցների սպառված զինանոցից՝ փողոցով էլ կգնան։

Հաջորդը․ որպես միակ կատարված խոստում անդադար խոսվում է ասֆալտապատման մասին։ Էական էլ չէ, փողոց է կարկատվել, թե մայրուղի է կարգավորվել։

Բայց ամենից էականը ընդդիմախոսներին ասֆալտին փռելու մանիան է։ Մինչև 2018 թվականը հիմնականում արևմտյան ֆիլմերում էինք հետապնդվողին գետնին փռելու կադրեր տեսնում։ Բայց արդեն երեք տարի Հայաստանում փռում են ասֆալտին ում ասես՝ կին, տղամարդ, ահել, ջահել։  Տեսանկարահանում են, գազանաբար քարշ են տալիս ոստիկանություն, հետո մի քանի ժամից բաց են թողնում։

Հիմարի համար էլ պարզ է, որ բռնոցի-փռոցիի կենտրոնական պահը ասֆալտին պառկեցրածին նկարելն է։ Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ վարչապետ կոչվածի նյարդերը հանգստացնող, լիցքաթափող դարմանը բունկերանման մի վայրում ասֆալտափռման նկարահանումները դիտելն է։ Իրեն դեմ գնացող ցանկացած մարդուց ոստիկանների միջոցով վրեժ լուծել կարող է միայն հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ճղճիմ մարդը։ Նիկոլի դասընկեր Գեղամ Նազարյանի խոսքերով՝ իրեն ասֆալտին փռելիս մեկն անընդհատ կրկնում էր՝ գլուխը գետնին խփեք։ Փաստորեն, ամեն ասֆալտին փռվողի դեպքում ոստիկաններն անհատական գործողության հրահանգ են ստանում։ 

Համաշխարհային գրականության և կինեմատոգրաֆիայի մեջ կան բազմաթիվ հիվանդ չարագործների կերպարներ, որոնք իրենց մարդատյացությամբ նողկանք ու հակակրանք են առաջացնում, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ նման մեկը կարող է դառնալ հենց քո երկրի ղեկավարը։

Պարզ տրամաբանությամբ, ՍԴ-ի կողմից կեղծված ընտրությունները մարսելու փաստից հետո ասֆալտին ծեփելու գործողությունները կավելանան՝ համատարած վախը խորացնելու նպատակով։ Անկեղծ ասած, լավ էլ հաջողվում է մարդկանց վախեցնելով՝ ստիպել իր կամքին ենթարկվել։ ՍԴ վախկոտ որոշումը դրա վկայությունն է։ Կասկած չկար, որ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը կռիվ կտան խորհրդակցական սենյակում։ Ի պատիվ իրեն՝ նրանց միացավ նաև Աշոտ Խաչատրյանը, և նրանք երեքով դեմ քվեարկեցին ընտրություների արդյունքներն անփոփոխ թողնելու ՍԴ որոշմանը։

Միթե որևէ մեկը կարող է մտածել, որ այս երեք դատավորների վրա ավելի դաժան ճնշումներ չեն եղել, քան ասենք Թունյանի կամ Վաղարշյանի նկատմամբ (մնացածների դեպքում վաղուց ամեն ինչ պարզ էր)։ Բայց նրանք կարողացան պահպանել իրենց մարդկային, մասնագիտական և քաղաքացիական արժանապատվությունը։ Իսկ մնացած 6 դատավորները ողջ կյանքում կկրեն Հայրենիքը ծախածների պիտակը։ Ինչպես որ ԿԸՀ- ն, ով բավական չէ, որ մասնակցել էր ընտրակեղծարություններին, մի բան  էլ ՀՔԾ-ի հլու կամակատարը դարձած պատգամավորական անձեռնմխելիությունից առանց աչքը թարթելու զրկում է «Հայաստան» դաշինքի անդամներին, որոնք բոլորն էլ Սյունիքի  համայնքապետերն են։  Ո՞նց եք մարսելու այս ստոր դավաճանությունը։

Ասել, թե մեծ հույսեր կային ՍԴ հետ, սխալ կլինի։ Սակայն, մյուս կողմից էլ, այնուամենայնիվ հույս կար, որ Բարձր դատարանը կգտնվի իր բարձրության վրա։ Ավա՜ղ, հույսի այս էջն էլ փակվեց։
Ի՞նչ կլինի հետո։ Պողպատե մանդատը գործի դրած վարչախմբի դեմ բոլոր կարգի գրված ու չգրված օրենքներով պայքարելն արդեն անիմաստ է։ Մանավանդ, երբ կյանքը ցույց է տվել, որ նրանք երբեք ոչ մի օրենք ու պայմանավորվածություն չեն պահպանում։ Ստացվում է, որ ուզած-չուզած վերադարձ է լինելու փողոցին։ Փողոցով եկածին թերևս միայն փղոցը կքշի։ Հետո մի տեսակ անարդար բան է ստացվում․ նա, ով ամենից շատ է սիրում ասֆալտափռման գործընթացը՝ ինքն ասֆալտի համը չի առել։ Գոնե այդ պահով արդարությունը վերականգնել է պետք»։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ