28 08 2021

Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի որոշի կրկին փակել միջպետական ճանապարհը. Գորիսի փոխքաղաքապետ․ «Փաստինֆո»

Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի որոշի կրկին փակել միջպետական ճանապարհը. Գորիսի փոխքաղաքապետ․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

Ի՞նչ պայմաններով է Ադրբեջանը բացել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հստակ չի կարող ասել։ Պարզ չէ նաև, թե արդյոք ճանապարհը բացելը ժամանակավո՞ր է թե ոչ։ Կանխատեսումներ անելը ճիշտ չի համարում, թե արդյոք հետագայում կկրկնվեն նմանատիպ դեպքեր, թե ոչ։

«Իրադարձությունները ցույց են տալիս, որ առհասարակ չի բացառվում։ Ինչի՞ դիմաց են ճանապարհները բացվել՝ չեմ կարող ասել։ Ճիշտ է, տարբեր խոսակցություններ կան, բայց դրանք ընդամենը խոսակցությունների մակարդակում են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել՝ «Էյվազլի» և «Չայզամի»։ Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ չի կարող ասել, թե ինչ միտումով ու նպատակով են նմանօրինակ ձևակերպումներ տրվել, հատո՞ւկ է արվել, թե ոչ, բայց ինքը հակված է, որ մենք մեր տեղանունները կոչենք հայկական անուններով։

«Տեսնում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ է անում , որ Զանգեզուրը իրենցն է։ Մենք չպետք է ապացուցենք, որն է իրենցը, որը մերը։ Մենք պետք է խոսենք մեր պատմական հողերի մասին և չպետք է դառնանք պատճառաբանող կամ ապացուցող կողմ։ Մենք պետք է հստակ դիրքորոշում ունենանք մեր պետական հողերի մասով։ Եթե մենք ինքներս ենք սկսում ձևակերպումներ տալ, իրենց ջրաղացին ջուր լցնելով, բնականաբար սրանից միայն ադրբեջանցիներն են օգուտ քաղում, ոչ թե մենք»։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ այլ տարբերակ չկա։ Պետք է սկսվի այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը, որպեսզի հետագայում էլ՝ նման միջադեպի պարագայում համայնքի երեք գյուղերը չհայտնվեն շրջափակման մեջ։

«Իհարկե պետք է պարբերաբար մտածենք այդ մասին, որովհետև որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ մի օր նորից Ադրբեջանը չի որոշելու, որ փակում է միջպետական ճանապարհը և խնդիրներ առաջացնում մեր համայնքի երեք բնակավայրերի համար»։

Առկա այլընտրանքային ճանապարհներն անտառամիջյան են, որոնք օգտագործում են հիմնականում անտառապահները, անցանելի են միայն հատուկ ամենագնաց մեքենաների համար։ Կենսական նշանակության խնդիր լուծելու՝ առողջության կամ այլ հարցերի համար դրանք՝ այս վիճակում երթևեկության առումով, խիստ բարդություններ են առաջացնում, որովհետև ոչ միայն դժվարանցանելի են, ալև առհասարակ բարդ ռելիեֆ է։

«Պետք է միանշանակ միջոցառումներ ձեռնարկվեն, որպեսզի Աստված մի արասցե նմանօրինակ դեպքերը կրկնվելու պարագայում, գոնե ունենանք այլընտրանքային երկրորդ ճանապարհ, որպեսզի բնակիչներն էլ առավել հանգիստ լինեն»,- ասաց Յոլյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ