ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանն իր հոդվածում նշել է․
«Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի պատասխանատու նախարարությունը զբաղվածության պետական աջակցության համակարգի բարեփոխումների տրամաբանական շարունակականություն ապահովելու փոխարեն՝ հետեւողականորեն իրականացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք ոչ միայն վերացնում են այդ համակարգի նպատակային կառավարման հնարավորությունը, այլեւ ուղղակիորեն հակասում են օրվա կառավարության հռչակած ծրագրային նպատակադրումներին:
Իրականում այս ամենը կատարվում է միայն մեկ «նպատակով»՝
ամեն գնով ապահովել զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եւ ծախսել պետական բյուջեից հատկացված միջոցները, որ հետագայում գոնե առերեւույթ չարձանագրվեն 2018 թվականի (75 տոկոս թերակատարում) եւ 2019 թվականի 9 ամիսների (50 տոկոս թերակատարում) փաստացի ձախողումները:
Իրական արդյունքի ու հասցեկանության խորացող խնդիրներն էլ պատասխանատուները ցրում են բազմաժանր մանիպուլիացիաներով:
Իհարկե, արատավոր այս գործընթացը չի համապատասխանում նաեւ զբաղվածության ոլորտում գործող օրենսդրությանը: Այդ անհամապասխանությունը վերացնելու համար էլ ոլորտի պատասխանատուները նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, որը հակասում է տարածքային համաչափ զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներին, որոնք ձեւակերպված են նաեւ գործող կառավարության հնգամյա ծրագրում:
Ավելին՝ այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված զբաղվածության պետական քաղաքականության հիմնական հետեւյալ սկզբունքներին` սոցիալական ներառման եւ ըստ առաջնահերթությունների` պետական աջակցության ապահովում: Ի դեպ, օրենքի 10-րդ հոդվածով էլ նախատեսված է զբաղվածության պետական կարգավորման, տարածքային զարգացման եւ ժողովրդագրական քաղաքականությունների փոխադրաձ կապի ապահովման անհրաժեշտությունը:
Իսկ քաղաքականության պատասխանատուները զբաղվածության ոլորտում իրենց կատարողական ցուցանիշները բարելավելու համար, օրենսդրական իրենց նախագծով առաջարկում են ուղղակի վերացնել ըստ տարածքների՝ զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխման եւ դրանց ակնկալվող արդյունքների թիրախավորման պահանջները:
Փոփոխության արդյունքում՝ հեռավոր բնակավայրերում զբաղվածության պետական աջակցությունն առաջնահերթ տրամադրելու համար օրենքով սահմանված պահանջը կփոխարինվի պատասխանատու պետական մարմնի անսահման հայեցողությամբ: Եվ վերջապես, հնարավոր կլինի առանց լրացուցիչ ջանքերի ապահովել յուրաքանչյուր մարզի կատարողականը՝ միայն տվյալ մարզի խոշոր քաղաքներում զբաղվածության ծրագրեր իրականացնելով:
Նախագծով առաջարկվում է մեկ այլ խնդրահարույց փոփոխություն եւս:
Գործող օրենքով մինչեւ երեք տարեկան երեխա խնամող ծնողն ունի պետական աջակցության իրավունք, եթե վերադառնում է աշխատանքի: Այս իրավունքն իրացնելու համար ներկայումս իրականացվում է զբաղվածության պետական առանձին ծրագիր՝ օրենքի պահանջով: Այս ծրագիրն ունի նաեւ ժողովրդագրական բնույթ, ըստ որի մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը ստանում է դրամական աջակցություն՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար:
Նախագծով առաջարկվում է նշված դրույթը վերանայել՝ վերացվում է երեխա խնամող ծնողների համար օերնքով սահմանված կարեւորագույն երաշխիք: Փոխարենը նախատեսվում է, որ նրանք «կարող են ստանալ աջակցություն»: Այսինքն՝ կարող է նաեւ չստանան այդ աջակցությունը:
Այսպիսի փոփոխությունը միանշանակ հետ քայլ է երեխա խնամող, աշխատող ծնողների համար առկա պետական սոցիալական երեաշխիքների ապահովման գործընթացում:
Եվ վերջում, զբաղվածության ոլորտում քաղաքական որոշում կայացնողների համար.
Այս նախագծի ընդունման պարագայում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը կհակասեն նույն օրենքի 17-րդ հոդվածին, քանի որ գործնականում կվերանա նաեւ տարածքային համաձայնեցման կոմիտեների անհրաժեշտությունը, որոնք ձեւավորված են զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը