24 11 2022

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին կատարվել է 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք. «Սիվիլնեթ»

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին կատարվել է 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք. «Սիվիլնեթ»

Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Հայաստանում կատարվող խաղադրույքների ծավալը շարունակում է կայուն աճել՝ թեպետ կառավարությունը համարում է, որ համարժեք գործողություններ է ձեռնարկում խաղամոլության դեմ պայքարի հարցում։

Ըստ ֆինանսների նախարարության՝ վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի։

2017-ին՝ 138,5 միլիարդ դրամ

2018-ին՝ 333,6 միլիարդ դրամ

2019-ին՝ 1,1 տրիլիոն դրամ

2020-ին՝ մոտ 2 տրիլիոն դրամ

2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակնհայտ է, որ 2022-ի 9 ամիսների տվյալներով արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, և ունի ընդլայնման միտումներ՝ պայմանավորված Կատարում ընթացող աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։

Կառավարությունը սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գովազդները, գործունեության վայրերը, սակայն խաղադրույքի ծավալները ոչ միայն չեն նվազում, այլ ավելանալու միտումներ են դրսևորում։

Նոյեմբերի 24-ի կառավարության նիստում ընդունվեց օրենքի նախագիծ, որը դեռ քննարկվելու է խորհրդարանում։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2023-ի հուլիսի 1-ից նոր տուրք սահմանել բուքմեյքերական ընկերությունների համար։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ ինտերնետ շահումով խաղերի ժամանակ կատարված յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույքի դեպքում խաղերի կազմակերպիչը պետք է վճարի 175 միլիոն դրամի տուրքեր։

Նույն տրամաբանությամբ ինտերնետ տոտալիզատորներով ընդունված յուրաքանչյուր 50 միլիարդ խաղադրույքի դեպքում պետական տուրք է սահմանվելու 50 միլիոն դրամը։

«Չնայած այն հան­­գամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հար­կերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույք­ների ծավալների աճը մտահոգիչ է, և անհրաժեշտ է տար­բեր գործիքներով, այդ թվում՝ հար­կա­յին, զսպել խաղա­դրույքների կատարումը»,- նշված է նոր օրենքի հիմնավորումներում։

Գործող կարգավորումներով՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն ու բուքմեյքերները տարեկան վճարում են 600 միլիոն դրամի տուրք ու ծավալում գործունեություն։

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարւթյան մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասում է՝ մինչ այս պահը նման տուրք սահմանված չի եղել, իսկ առաջարկվող մոդելը համաձայնեցվել է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների, բուքմեյքերների հետ. «Մենք առաջարկում ենք, որ խաղադրույք ընդունելու կարգը քվոտավորվի, ամեն 100 միլիարդի դեպքում էլ 175 միլիոն դրամ վճարեն ու աշխատելու իրավունք ստանան»։

Այս տարվա սեպտեմբերին, երբ կառավարությունը շրջանառում էր տուրքը սահմանելու նախագիծը, 100 միլիարդի դեպքում առաջարկվում էր սահմանել 300 միլիոն դրամ, բայց վերջնական օրենքի տարբերակում թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է։ Ըստ ամենայնի, սա կատարվել է ոլորտի խաղացողների ցանկությամբ ու պահանջով։

Ի՞նչ տրամաբանությամբ է ամեն 100 միլիարդի դեպքում տուրք սահմանվում 175 միլիոնը և ոչ ավելի։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան բացատրում է՝ 175 միլիոնը այնպես է հաշվարկված, որ «և պետությունը եկամուտներ ունենա, և ընկերությունների համար կտրուկ բեռ չլինի, որովհետև եթե իրենք փակվեն, ոչ այս գումարները կլինեն, ոչ էլ 600 միլիոն դրամի տուրքերը»։ Այս դրույքաչափը, ըստ Ալավերդյանի, հնարավորություն կտա կանխել խաղադրույքի աճի երևույթը. «Փորձում ենք այնպիսի խաղի կանոններ թելադրել, որ իրենք խաղադրույքների աճի վրա ներգործություն չունենան։ Եթե ընկերությունները իմանան, որ 100 միլիարդի համար 175 միլիոն դրամ տուրք պիտի վճարեն, ենթադրվում է, որ խաղացողին խաղի մեջ պահելու ձգտումը կփորձեն նվազեցնել, որովհետև ստիպված են լինելու նոր հարկեր վճարել»,- բացատրում է Օրի Ալավերդյանը։

Այլ կերպ ասած՝ այս տարվա ավելի քան 4 տրիլիոն դրամից յուրաքանչյուր 100 միլիարդը հարկվելու է։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց՝ այդ ոլորտի կողմից կային երևացող ու չերևացող ամենատարբեր դիմադրություններ, բայց «իրենց հաջողվել է խաղային ոլորտը կարգավորել»։

Ֆինանսների նախարարությունում ակնկալում են, որ այս տուրքի գործողության մեջ մտնելուց հետո լրացուցիչ մոտ 12 միլիարդ դրամ է հավաքվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ